Տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և դրանք տիրապետողների, և Երևանի քաղաքապետարանի համար:
Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և կայացվում են որոշումներ դրանց օրինականացման համար, ովքեր մինչև 2021 թ.-ի հունվարի 1-ն են գրանցվել։
«Եվ սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են։ Սա նշանակում է, որ այս շրջանում օրինականացվողների ծավալը էականորեն մեծ է լինելու։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել՝ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ եթե որոշ ընկերություններ կամ մարդիկ կմոտենան այս կամ այն հարցով՝ օրինականացման հետ կապված, և կփորձեն միջնորդական ծառայություններ մատուցել, նա տեղեկացրել է, որ դրանք ուղղակի այս իրավիճակից փորձում են որոշակի գումար վաստակել:
«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այդ միջնորդական ծառայություններ առաջարկող մարդիկ կամ ընկերությունները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ այս որոշումների վրա, հետևապես միակ բանը, որ խնդրում եմ և կոչ եմ անում, ուղղակի ձեր դիմումները թարմացրեք, եթե ունենք այդպիսի դիմումներ, և վստահ եղեք, որ Երևանի քաղաքաետարանը ամբողջապես և ամբողջ ծավալով կդիտարկի հարցերը և համապատասխան որոշումներ կկայացնի»,- նշել է քաղաքապետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում