Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Նոր գնված 8 աղբատար մեքենայից 4-ն արդեն Հայաստանում են: Այս պահին դրանք արդեն տեխզննում են անցնում, փաստաթղթավորվում են»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ գործընթացների ավարտից հետո շահագործման կհանձնվեն։ Իսկ մյուս 4 աղբատար մեքենաները Հայաստանում կլինեն 1 շաբաթից։
Կատվալյանը հավելել է, որ հիմնարկի վարչական շրջանների հավաքարարների և բանվորների համազգեստի համար մրցույթ է հայտարարվել։ Հուլիսի 15-ին մրցույթի բացումն է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվել է` արդյոք աղբատարների համար գնված շարժիչները նույնպես Հայաստանում են, ինչին ի պատասխան ԵԱՍՄ տնօրենը հայտնել է, որ 9-ից 2-ը մատակարարվել է, մնացածը կմատակարարվեն հաջորդ շաբաթ։