Ռուսաստանն ու Իրանը միավորել են «Միր» և «Շետաբ» վճարային համակարգերը

1 Min Read

Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի ղեկավարը հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի «Շետաբ» և «Միր» վճարային համակարգերը միավորելու նախագիծը հասել է գործնական մակարդակի,– գրում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ Իրանում «Միր» քարտերից հնարավոր կլինի օգտվել օգոստոսի վերջին։ Իսկ Իսլամական Հանրապետության քաղաքացիները բանկոմատներից կկարողանան ռուսական ռուբլի ստանալ՝ օգտագործելով «Շետաբ» վճարային համակարգի քարտերը։

Բացի այդ, Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է Մոսկվայի հետ արժութային համաձայնագրի կնքման մասին։ Նշվում է, որ բանկային համակարգին և գործարարներին անհրաժեշտ հանձնարարականներ կտրվեն Իրանի արժույթի և ոսկու փոխանակման կենտրոններում օֆշորային գործարքներ կատարելու համար։

Երկու երկրների վճարային համակարգերի միավորման անհրաժեշտությունն էր առաջացել դեռ 2018 թվականին, երբ Թեհրանը դուրս եկավ SWIFT միջազգային փոխանցումների համակարգից։ Իսկ 2022 թվականի հունիսին, Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով երկիրը դադարեցրեց համագործակցությունը ռուսական մի շարք բանկերի, այդ թվում՝ Սբերբանկի և ՎՏԲ-ի հետ։

2023 թվականի հունվարի վերջին երկու երկրների Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել ֆինանսական և բանկային գործառնությունների պարզեցման վերաբերյալ։

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական գործարքներ կատարելու վերաբերյալ հաղորդագրություններ ուղարկող համակարգը միավորվել է Իրանի Կենտրոնական բանկի SEPAM-ի (Էլեկտրոնային վճարումներ կատարելու վերաբերյալ հաղորդագրություններ ուղարկող համակարգ) հետ։

TAGGED:
Share This Article