Սիբիրի հեռահաղորդակցության և ինֆորմատիկայի պետական համալսարանի (SibGUTI) գիտնականները մշակել են նոր համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով կարողանում է փակ տարածքում մարդու գտնվելու տեղը որոշել 5-7 մետր ճշտությամբ,– գրում է ТАСС-ը:
Համալսարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոր համակարգը եզակի է, քանի որ բջջային ցանցերը մարդու գտնվելու վայրը կարողանում են որոշել միայն 300-500 մետր ճշտությամբ, իսկ արբանյակային ազդանշանը կարող է չանցնել պատերի և այլ խոչընդոտների միջով:
Համակարգը կարող է օգտագործվել շենքերի, հանքերի և ստորգետնյա տարածքների ներսում որոնողական աշխատանքների, դպրոցականների նկատմամբ ծնողական հսկողության, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններով անձանց համար մեծ շենքերի ներսում կողմնորոշվելու նպատակով։
Նշվում է, որ Wi-Fi հասանելիությամբ սարքը, լինի դա սմարթֆոն, թե ժամացույց, որոշում է Wi-Fi ցանցի մուտքի կետերի պարամետրերը և ազդանշանի մակարդակները այդ կետերից դեպի ցանկալի օբյեկտ։ Համակարգը հավաքում է տեղեկատվություն, ուղարկում այն սերվերին, որտեղ հաշվարկվում է յուրաքանչյուր կետի հեռավորությունը և որոշում օբյեկտի կոորդինատները։ Որքան շատ Wi-Fi կետեր լինեն մոտակայքում, այնքան ավելի ճշգրիտ կլինի արդյունքը:
Նշվում է, որ ներքին շուկայում ներկայացված են նմանատիպ համակարգի արտասահմանյան անալոգներ, սակայն դրանց համար դժվար է հավաստագիր ստանալ Ռուսաստանում՝ մարդկանց գտնվելու վայրը ճշգրիտ որոշելու պատճառով։:
Համակարգն արդեն փորձարկվել է Նովոսիբիրսկի դպրոցներից մեկում և թույլ է տվել ծնողներին հավելվածի միջոցով գտնել իրենց երեխաների գտնվելու վայրը։ Ներկայումս մշակվում է մեկ այլ ալգորիթմ, որը հնարավորություն կտա որոշել օբյեկտի տեղաշարժման ուղղությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում