Հանրապետության 4 մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք։ Նրանք ծանոթացել են համայնքապետարանի աշխատակիցների կողմից urban.e-gov.am հարթակի կիրառման հմտություններին, փորձարկել էլեկտրոնային հայտի ներկայացման, քաղաքաշինական փաստաթղթերի մուտքագրման, համակարգում շրջանառման և նախագծման, շինարարության և այլ թույլտվությունների տրամադրման ամբողջական շղթան։
Oգոստոսի 1-ից նախատեսվում է Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Գործընթացը սահուն կազմակերպելու և համայնքապետարանների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներին նախապատրաստելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն նրանց համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ զարգացնելու urban.e-gov.am համակարգով աշխատելու հմտությունները։
Կոմիտեի պաշտոնյաները տեղում գնահատել են դասընթացների արդյունքում համայնքապետարանի մասնագետների կարողությունները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, տրամադրել գործընթացի վերաբերյալ օրենսդրական պարզաբանումներ։ Միաժամանակ վերհանվել են խնդիրները, ներկայացվել հարթակի բարելավման վերաբերյալ առաջարկներ։ Այցին մասնակցել է նաև համակարգը ստեղծած ընկերության տնօրենը և խոստացել սեղմ ժամկետում կատարել անհրաժեշտ կարգավորումները։
Համայնքի պատասխանատուները տեղեկացրել են, որ զուգահեռաբար քաղաքացիներին իրազեկում են էլեկտրոնային գործընթացների առաջիկա մեկնարկի մասին և սկսում ներկայացվող հայտերի թվայնացում՝ հաջորդող փուլերը բացառապես էլեկտրոնային հարթակում շարունակելու նպատակով։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում