ՀՀ տնտեսության կարևորագույն խնդիրներից է արտերկրից փոխանցումները, որոնք հիմնականում իրականացվում են Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների հաշվին։ Այս առումով Հայաստանի տնտեսությունն անմջապես կախվածության մեջ է ընկնում օտարերյա պետություններում տեղի ունեցող զարգացումներից: ԱՅսպես, ՀՀ փոխանցումների ծավալները սկսում են նվազել, եթե այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ, դիտվում են ներքին և արտաքին հիմնախնդիրներով պայմանավորված ճգնաժամեր։
Իսկ եթե նվազում են փոխանցումները, նվազում է հանրության սպառողական ակտիվությունը, ինչի հետևանքով էլ տուժում է ՀՀ տնտեսությունը։
2024թ․ մայիսին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունից Հայաստան փոխանցված գումարների ծավալները նախորդ ամսվա համեմատ նվազել են 9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 4%-ով՝ կազմելով $416 մլն։
Մյուս կողմից տեղի է ունեցել գումարների արտահոսք Հայաստանից։
2024թ․ մայիսին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված փոխանցումների ծավալներն արտերկիր կազմել են $294 մլն։ Այս ծավալները 2024թ․ ապրիլի համեմատ կրճատվել են 28%-ով, իսկ 2023թ․ մայիսի համեմատ՝ 24%-ով։
Մեր նախորդ վերլուծություններում արտերկիր այս փոխանցումների ներհոսքի և արտահոսքի ծավալները գրեթե միշտ դիտարկել ենք տարբեր երկրների համատեքստում, սակայն այս անգամ ուշադրություն կդարձնենք փոխանցումների ծավալներին ըստ արժույթների․
Ինչպես կարելի է նկատել վիճակագրական տվյալներից, 2024թ․ մայիսին ՀՀ փոխանցված գումարների ծավալներում 59,1% մասնաբաժին ունի ռուսական ռուբլին։
Այս իրողությունն անտեսել հնարավոր չէ, հետևաբար Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ՀՀ ներկայիս իշխանությունների առաջարկներն ուղղակի անմտություն են թվում։ Միևնույն ժամանակ, 2024թ․ մայիսին ՀՀ -ից արտերկիր դրամական միջոցների փոխանցումների ծավալներում ռուսական ռուբլու մասնաբաժինը կազմել է 18%։
ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցված գումարների ներհոսքի ծավալներում 2024թ․ մայիսին ԱՄՆ դոլարի մասնաբաժինը կազմել է 26,9%, իսկ արտահոսքի ծավալներում՝ 33,5%։
2024թ․ մայիսին արտերկրից ՀՀ և ՀՀ-ից արտերկիր փոխանցումների ծավալներում եվրոյի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 11,3% և 35,6%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում