Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։
Կողմերն արդյունավետ են համարել վերջին տարիների գործակցությունը՝ առանձնացնելով շենքերի էներգախնայողությանն ուղղված ծրագրերը, էներգաարդյունավետության նորմերի մշակումը և օրենսդրական դաշտի բարելավումը։ Նաթիա Նացվլիշվիլին տեղեկացրել է ՄԱԶԾ առաջիկա հանձնառությունների մասին՝ նպաստելու ոլորտի քաղաքականությունը մշակողների կարողությունների զարգացմանը, Հայաստանում էներգաարդյունավետության մշակույթի ներդրմանը, որի շրջանակում դիտարկում են նաև գոյություն ունեցող շենքերի, շինությունների էներգաարդյունավետության միջոցառումների համաֆինասնավորման հնարավորությունը։
Ըստ աղբյուրի՝ Եղիազար Վարդանյանը, ներկայացնելով Քաղաքաշինության կոմիտեի առաջիկա նպատակները, նախանշել է հնարավոր համագործակցության լայն օրակարգ։ Մասնավորապես՝ նա կարևորել է ՄԱԶԾ աջակցությունն ամերիկյան և եվրոպական նորմերի տեղայնացման առաջիկա ծրագրերի, ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման, քաղաքաշինական թվային կադաստրի ձևավորման, բնակարանային ֆոնդի «Ռենովացիայի մասին» օրենքի մշակման, ինչպես նաև բնակֆոնդի վերաբերյալ տեղեկատվական համակարգի, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակման, շենքերի կառավարիչների, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։
Նշվում է, որ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ բաց են քննարկելու ներկայացված ուղղություններով միջազգային փորձագետների ներգրավման, GIS տվյալների տրամադրման և աջակցության այլ հնարավորությունները։ Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ նախանշվել է նաև կոմիտեի համակարգմամբ իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակում գոյություն ունեցող շինությունների վերակառուցման դեպքում էներգաարդյունավետության միջոցառումների համաֆինանսավորումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում