«Հայաստանի էլցանցեր» ընկերությունը կսկսի սպառողներին տուգանքներ վճարել

1 Min Read

25 թվականից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կսկսի սպառողներին տուգանքներ վճարել ոչ միայն չափազանց երկար, այլև շատ հաճախակի անջատումների համար։ Որոշումն ընդունվել է այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում։

Այժմ էլեկտրացանցերը պարտավոր են տուգանքներ վճարել քաղաքային բաժանորդներին ամսական 10-ից շատ անջատումների դեպքում, իսկ գյուղական բաժանորդներին՝ 15-ից շատ՝ անկախ խափանման տևողությունից ու պատճառներից:

«Տուգանքը կկազմի յուրաքանչյուր տուժած բաժանորդի էլեկտրաէներգիայի միջին ամսական հաշվի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2 500 դրամը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաել է ՀԾԿՀ ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը։

Հիմա մինչև 2500 դրամ տուգանքը գործում է անջատումների թույլատրելի տևողությունը գերազանցելու, ոչ թե հաճախակի անջատումների համար: Անջատումների թույլատրելի սահմանը քաղաքներում 4 ժամ է, իսկ գյուղերում՝ 8 ժամ, իսկ տարվա գումարային տևողությունը քաղաքներում՝ 24 ժամ, գյուղերում՝ 72 ժամ։

«Ամսական անջատումների հաճախականությամբ նոր առավելագույն կետ է սահմանվել սպառողների բազմաթիվ բողոքների պատճառով։ Մենք նաև ավելացրել ենք, որ եթե վթարային անջատումները նշված նորմատիվներից որևէ մեկը գերազանցեն ավելի քան երկու անգամ, ապա առավելագույն տուգանքը կավելանա մինչև 3 500 դրամ», – ընդգծել է Ղոսալմյանը։

Նոր պահանջներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։

Share This Article