Եվրամիության հետ գործակցության մարտահրավերներին և հնարավորություններին վերաբերող քննարկման ժամանակ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է նվազեցնի մեկ երկրից էներգետիկ կախվածությունը:
Նա նշել է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը պայմանավորված է հենց բնական գազից ունեցած կախվածությամբ: Հենց այդ կախվածությունից ազատվելու համար էր, ըստ Արման Եղոյանի, ապրիլի 5-ին տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:
«Միգուցե շատ գիտեք՝ մեր մեդիադաշտի համար շատ շքեղ վերնագրերի նյութեր չհնչեցին, էնպես, ինչպես դա ներկայացվել էր մինչև ապրիլի 5-ին հանդիպումը, և էնպես, ինչպես շատերը կցանկանային լսել, բայց երբ ես լսում եմ, որ Եվրահանձնաժողովի նախագահն ասում է, որ մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը, հենց սա է եվրաինտեգրումը»,- ասել է Եղոյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում