ԹԱԳՈՒՀՈՒ ԹՈՂԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Բոլորս ապրում ենք իրապես դարակազմիկ փոփոխությունների ժամանակաշրջանում: Արդեն 30  տարի է՝ աշխարհում նկատվում են այնպիսի փոփոխություններ, որոնք խոսում են նոր ժամանակների գալստյան մասին: Այս փոփոխությունների մաս է կազմում Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիսաբեթ II-ի մահը և նոր թագավորի՝ Չարլզ III-ի /Կարլ III-ի/ հռչակումը: Եղիսաբեթ II-ն իր գահակալության 70 տարիների ընթացքում աննկարագրելի դերակատարում է ունեցել թագավորության  համար՝ դժվարությունների և վերելքների ժամանակահատվածներում։

Այս տարիների ընթացքում թագուհին մեծ սեր ու հռչակ է վայելել ոչ միայն բրիտանացիների, այլև աշխարհի շատ ժողովուրդների կողմից։ Սակայն, թագավորական ընտանիքի կյանքը միշտ չէ, որ հարթ է ընթացել։ Եղել են դեպքեր, երբ տարբեր իրադարձությունների ֆոնին մեծ հարված է հասցվել արքայական ընտանիքի հեղինակությանը։ Նույնիսկ քննարկումներ են եղել, որ արքայական ընտանիք <<պահելը>> չափազանց թանկ է նստում հարկատուների վրա, շոշափվում էր նաև արքայական ընտանիքին ընձեռված որոշ արտոնություններ վերացնելու հարցը։

Խոսելով արքայական ընտանիքի ունեցվածքի մասին՝ կարելի է փաստել, որ այն ձևավորվում է երեք ուղղությամբ՝ անշարժ գույք, բիզնես և բարեգործություն։ Իհարկե, ուրիշների ունեցվածքը հաշվելն այնքան էլ ճիշտ չէ, սակայն մենք չենք շրջանցի այդ հարցը։
Դիտարկենք Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ունեցվածքի ծավալները նկարագրող ստորև բերված գծապատկերը․

Գծապատկեր 1.Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ունեցվածքը

Թագավորական ընտանիքը ողջ երկրի տարածքում ունիսեփական անշարժ գույք։ Օրինակ, Բուքինգեմյան պալատի գինը կազմում է $4,7 մլրդ։ Թագավորական սեփականությունների գումարային արժեքը կազմում է $18,7 մլրդ։ Ստացվում է՝ միայն անշարժ գույքի մասով թագավորական ընտանիքի կարողությունը հասնում է $25,7 մլրդ-ի։ Եկամուտների մյուս մասը ստացվում է բիզնեսից և բարեգործական գործունեությունից։ Թագավորական սեփականություններից շահույթը կազմում է $428 մլն, թագաժառանգ Չարլզի /Կարլ 3-րդի/ բարեգործական ֆոնդի ակտիվների ծավալը՝ $146.5 մլն։ Թագավորական սեփականության մեջ ներառված են 1,762 հողմակայաններ։

Խոսելով թագավորական ընտանիքի ունեցած ազդեցության մասին՝ պետք է նշենք, որ թագավորական արքունիքի մատակարարի համբավ ունի ավելի քան 800 ընկերություն՝ սկսած ամենաշքեղներից, մինչև ամենասովորական ընկերություններ։ Դրանք բոլորն էլ ստանում են թագավորական լիցենզիա, ինչը վկայում է այն մասին, որ վերջիններս ապրանքներ և ծառայություններ են մատուցել թագավորական ընտանիքին։ Կան հաշվարկներ, որ նման կարգավիճակ ստանալուց հետո այդ ընկերությունների ընդհանուր եկամուտը աճում է 5%-ով։

Կիսվեք այս հոդվածով