Որքան ավտոմեքենա են գնել ռուսները 2024թ.-ի առաջին կիսամյակում

1 Min Read

Միայն 2024 թ.-ի հունիսին վաճառվել է 130 հազար ավտոմեքենա, ինչը, 2023 թվականի նույն ամսվա համեմատ, մեկուկես անգամ ավելի է, – գրում է Autonews.ru-ն:

Նշվում է, որ ավտոմեքենաների վաճառքները գերազանցել են տարեսկզբին հայտարարված կանխատեսումները։

Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի (AEB) ավտոարտադրողների կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստանում առանց ներմուծման նոր մարդատար մեքենաների ընդհանուր վաճառքը 2024 թվականի առաջին կիսամյակում կազմել է 703 765 միավոր, իսկ ներմուծվածն մարդատար մեքենաների վաճառքը կազմել է 754 627 միավոր։

2024 թվականի առաջին կիսամյակի վերջին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի ավտոշուկան աճել է 74.5%-ով։

Միաժամանակ, հունիսին նոր ավտոմեքենաների վաճառքը կազմել է 130 715 միավոր, ինչը 49.6%-ով ավելի է 2023 թվականի հունիսի ցուցանիշից։ Ինչպես պարզաբանել են Եվրոպական բիզնեսների ասոցիացիայից, շուկայի աճի հիմնական պատճառը նոր մեքենաների ներմուծումն է։

«Սակայն ապագայում ներմուծման տեսակարար կշիռը կնվազի։ Հարկ է նշել նաև, որ ընդհանուր առմամբ այլընտրանքային աղբյուրներով ներկրվող մեքենաների ծավալը գործնականում չի աճում։ Իսկ դրա մասնաբաժինը առաջին կիսամյակում իջել է մինչև 18%»,- մեկնաբանել է ավտոարտադրողների կոմիտեի նախագահը։

Փորձագետները նշել են, որ ամբողջ տարվա ընթացքում կվաճառվի մոտ 1.3 մլն ավտոմեքենա։

Բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ավտոարտադրողների կոմիտեն գնահատում է, որ 2024 թվականին նոր ավտոմեքենաների վաճառքը շուկայում կկազմի 1.45 մլն ավտոմեքենա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով