ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանում աշխատողների վիճակը շարունակվում է ծանր մնալ։ Մի կողմից ներկայացվում է, որ ՀՀ տնտեսությունը գրավիչ է, քանի որ աշխատուժը չափազանց էժան է գնահատվում, մյուս կողմից այս ցածրագույն եկամուտների պայմաններում տեղի է ունենում աշխատողների արտահոսք։ Ընդ որում՝  կարծես այս իրավիճակը շատ հրապուրիչ է դարձել գործատուների համար, և փոփոխությունների համար քայլեր չեն էլ ձենարկվում:

Մարդիկ աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում։ Երբեմն մեկ աշխատողը միանգամից մի քանի աշխատանք է կատարում, սակայն ստանում է միայն մեկ հաստիքի չափով աշխատավարձ: Ցածր աշխատավարձային այս պայմանները նաև նպաստում են աշխատանքի շուկայից որակյալ աշխատուժի արտահոսքին։ Աշխատանքի հայտարարություններում դրվում են թվացյալ ուժեղ պահանջներ, մեծ նշանակություն ունի ծանոթ-բարեկամ գործոնը, և այս ամենը հանգեցնում է խիստ ցածր արտադրողականության ձևավորմանը։

Աշխատանքի շուկայում նաև բավականին տարօրինակ  են թվում տարբեր հաստիքներին ներկայացվող պահանջները։ Դրանք որոշ դեպքերում հստակ չեն նույնիսկ չեն առնչվում առաջարկվող աշխատանքի բնույթին։ Ոլորտի առողջացման համար անհրաժեշտ է այս և շատ այլ կետերի վերանայում և շուտափույթ կարգավորում։

Այդուհանդերձ, մարդիկ, այլ ելք չունենալով, հարմարվում են ստեղծված պայմաններին։ Այս պարագայում հետաքրիր է հասկանալ՝ զբաղմունքի ո՞ր տեսակներն են եղել ամենապահանջվածները 2022թ.-ի հուլիսին․

Գծապատկեր 1․ Ամենապահանջված զբաղմունքի տեսակները ՀՀ-ում՝ 2022թ․-ի հուլիսի վերջի դրությամբ

Մեր հաշվարկների համաձայն՝ ամենապահանջվածը որակավորում չունեցող բանվորներն են, որի նկատմամբ պահանջարկն աշխատուժի ընդհանուր պահանջարկում կազմել է 27,9%՝ 2022թ․-ի հուլիսի վերջի դրությամբ:
18,9% մասնաբաժնով երկրորդ հորիզոնականում է հայտնվել սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և  առևտրային կազմակերպությունների աշխատողների աշխատանքը։ «Բանվորներ` որակավորված` արդյունաբերական կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և ընդերքի հետազոտման» խմբի մասնաբաժինը կազմել է 17,6%։

Հետաքրքիր է նաև ուսումնասիրել ամենապահանջված զբաղմունքի ենթատեսակները․

Գծապատկեր 2․ Ամենապահանջված զբաղմունքի տեսակների ենթատեսակները ՀՀ-ում՝ 2022թ․-ի հուլիսի դրությամբ

Նկատենք, որ որակավորում չունեցող բանվորների խմբում հատկապես պահանջված են մշակման արդյունաբերության բանվորները, որոնց մասնաբաժինը կազմել է 39,9%:
Սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և  առևտրի կազմակերպությունների աշխատողների աշխատանքի պարագայում առավել պահանջված են խանութների վաճառողները և ապրանքներ ցուցադրողները՝ 34,4%։
«Բանվորներ` որակավորված` արդյունաբերական կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և ընդերքի հետազոտման» խմբում ամենամեծ ենթազբաղմունքը՝ 21,7%, բանվորներն են սննդի արդյունաբերությունում։

Կիսվեք այս հոդվածով