Եկամտահարկի դրույքաչափերը Հայաստանում և աշխարհում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հարկերի մեծ նշանակությունը տնտեսությունում հնարավոր չէ թերագնահատել։ Մեր վճարած հարկերի հաշվին իշխանությունները նախաձեռնում են բազմաթիվ ծրագրեր, որոնք անմիջական ազդեցություն են ունենում հասարակ  մարդկանց կյանքի որակի վրա։

Ցավոք, շատ հաճախ անպատասխանատու իշխանությունների կողմից հարկային եկամուտներն արդյունավետ չեն տնօրինվում, ինչի արդյունքում առաջանում է բյուջեի պակասուրդ, և մեծանում է պետական պարտքի ծավալը, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։

Մեր նախորդ վերլուծությունում դիտարկեցինք աշխարհի խոշոր տնտեսություններում շահութահարկի դրույքաչափերը, սակայն ևս մեկ առանցքային հարկատեսակ գոյություն ունի` եկամտահարկ։

Սովորական մարդիկ եկամտահարկի հետ առնչվում են, երբ ստանում են իրենց աշխատավարձերը։ Օրինակ, եթե անձի ամսական անվանական աշխատավարձը կազմում է ֏ 380,000, ապա  այս գումարից նախ և առաջ հանվում է  76,000 ՀՀ դրամը, որը կազմում է անձի կողմից բյուջե վճարած եկամտահարկի համապատասխան ծավալը։

Շատերի կարծիքով` վերոնշյալ ծավալներով եկամտահարկերի գանձումն իրապես հարվածում է իրենց բարեկեցությանը։



Այս առումով, հետաքրքիր է ուսումնասիրել՝ ինչպիսին է եկամտահարկի դրույքաչափը Հայաստանում և հարևան ու դաշնակից երկրներում․

2024թ․ հունիսի դրությամբ` Հայաստանում եկամտահարկի դրույքաչափը կազմում է 20%: Վերջինս նվազել է 1 տոկոսային կետով նախորդ մակարդակի համեմատ։

Ադրբեջանում և Վրաստանում եկամտահարկի դրույքաչափերը կազմում են համապատասխանաբար 25% և 20%։

Նկատում ենք, որ նավթադոլարներ և ծով ունեցող մեր հարևանների մոտ եկամտահարկի դրույքաչափերը հավասար կամ ավելի բարձր են Հայաստանի համեմատ։

Ներկայացված երկրներում եկամտահարկի ամենացածր դրույքաչափը Ղազախստանում է՝ 10%, իսկ ամենաբարձրը՝ Թուրքիայում՝ 40%։

Դուրս գալով Հայաստանի հարևանների և դաշնակիցների շրջանակից, փաստենք, որ աշխարհում եկամտահարկի առավելագույն դրույքաչափ արձանագրվել է Ֆինլանդիայում՝ 57,3%, որն աճել է նախորդ մակարդակի համեմատ 0,3 տոկոսային կետով։

Բարձր դրույքաչափեր են սահմանված նաև Ճապոնիայում՝ 55․97% և Դանիայում՝ 55,9%։

Մյուս կողմից, կան երկրներ, որտեղ եկամտահարկ ընդհանրապես չկա։

Այդպիսի երկրներ են, օրինակ, Պարսից ծոցի պետությունները՝ Սաուդյան Արաբիա, Օման, Բահրեյն և այլն։

Եկամտային հարկի դրույքաչափի առավելագույն աճը Մոնղոլիայում է, որտեղ եկամտահարկի դրույքաչափը 10%-ից դարձել է 20%։

Ամենամեծ անկումը դիտվել է Մալավիում, որտեղ ներկայումս դրույքաչափը հաստատվել է 35% մակարդակում, նախորդ 40%-ի համեմատ։ 

Ընդհանուր առմամբ, ինչպես շահութահարկի պարագայում, այնպես էլ եկամտահարկի դեպքում, արդյունավետ դրույքաչափի որոշումը բավականին բարդ գործընթաց է, որը կապված է բազմաթիվ ներքին և արտաքին գործոններից։

TAGGED:
Share This Article