«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, և ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ձեռք բերելու ընկերության պարտատոմսերը։
Ցուցակման առաջին օրն է հունիսի 28-ը՝ համաձայն Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի որոշման։ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում և թույլատրվել են դրանցով հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն ցուցակել է 1․2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 12 000 պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 12.25%, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս: Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։
Տեղաբաշխումը իրականացվել է «Դայմենշն» ՓԲԸ կողմից 2024թ․ մայիսի 2-ից մինչև 2024թ․ մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։ Թողարկվել են ընդհանուր 1․2 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Նշենք նաև, որ 1 050 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են անմիջապես բորսայի տեղաբաշխման հարթակի միջոցով։
Ներգրաված միջոցները ուղղվելու են գյուղատնտեսական և ՓՄՁ վարկերի տրամադրմանը: Ֆարմ Կրեդիտի վարկային պորտֆելի ավելի քան 2/3-րդը գյուղատնտեսական վարկեր են, մյուս մասը՝ ՓՄՁ և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղտեխնիկայի, շինարարական տեխնիկայի և սարքավորումների լիզինգ:
«Սովորաբար մեր շուկայում պարտատոմսեր թողարկում են այն ընկերությունները, որոնք արդեն իսկ որոշակի քայլեր արել են կապիտալի շուկայում՝ թողարկելով տարբեր տեսակի արժեթղթեր, սակայն այս տարին աչքի է ընկնում նրանով, որ սա արդեն 3-րդ նոր ընկերության մուտքն է Հայաստանի ֆոնդային բորսա։ Հաշվի առնելով վերջին տարիների վիճակագրությունը՝ պետք է փաստենք, որ սա բավականին լավ ցուցանիշ է։ Վստահ եմ, որ նոր ընկերությունների մուտքը կապիտալի շուկա և նրանց այս տեսակ ակտիվությունը է՛լ ավելի գրավիչ կդարձնեն ներդրումային միջավայրը։ Կարևոր գործոն է նաև պարտատոմսեր թողարկող և ցուցակող ընկերությունների ոլորտային տարբերությունը։ Սա ազդակ է, որ կապիտալի շուկայում այլընտրանքային եղանակով գումար ներգրավվելու մշակույթ է ձևավորվում, ինչը շատ դրական եմ գնահատում»,- ասել է ՀՖԲ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
«Այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ համագործակցում ենք տեղական և միջազգային գործընկերների հետ ֆինանսական միջոցների ներգրավման մասով: Կոոպերատիվը հանդիսանում է Գերմանահայկական հիմնադրամի գործընկեր կառույց Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերի մասով, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «ԳՏՏԶ ԾԻԳ»-ի և Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերով: Հատկանշական է կոոպերատիվի գործընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության և Պրոպարկո ներդրումային ընկերության հետ ստորադաս փոխառության ներգրավվման մասով, որը հնարավորություն է տալիս մեծացնել կապիտալը և ներգրավել հավելյալ ռեսուրսներ: Պետք է նշեմ, որ կառույցը համագործակցում է նաև գերմանական, շվեյցարական, բելգիական, ինչպես նաև ամերիկյան ներդրողների հետ: Պարտատոմսերի թողարկումը ևս մեկ նոր քայլ է դեպի կապիտալի շուկա, որը կբարձրացնի կառույցի ճանաչողությունը տեղական ներդրողների մոտ»,- նշել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի տնօրեն Արմեն Գաբրիելյանը։
«Դայմենշն ներդրումային ընկերությունը շատ ուրախ է աջակցել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ի՝ որպես ՀՀ-ում առաջատար և հաջողած գյուղատնտեսական վարկային կազմակերպության մուտքը արդեն ՀՀ կապիտալի շուկա: Հույս ունեմ, որ Ընկերությունը կշարունակի իր ակտիվ մասնակցությունը կապիտալի շուկայում՝ ներգրավված միջոցները և գործիքները ի նպաստ բերելով ՀՀ գյուղատնտեսության հետագա զարգացմանը»,- նշել է ընկերության տնօրեն Լևոն Մովսիսյանը:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն հանդիսանում է առաջին կոոպերատիվ վարկային կազմակերպությունը և միակն է իր տեսակի մեջ Հայաստանում։ Կազմակերպությունը տրամադրում է բացառապեu ձեռնարկատիրական վարկեր կամ փոխառություններ և մատուցում է այլ ֆինանսական ծառայություններ առավելապես Հայաստանի Հանրապետության մարզերում` գյուղմթերք արտադրողներին, վերամշակողներին, գյուղացիական տնտեսությունների գործառնական կարիքների բավարարմանն ուղղված և դրանց ուղղակիորեն առնչվող ծառայություններ մատուցողներին, Հայաստանի Հանրապետության մարզերում մշտապես բնակվող և գյուղացիական տնտեսություն վարող անձանց, ագրոպարենային ոլորտում գործող ցանկացած այլ տնտեսվարող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
Կազմակերպության առաքելությունն է` բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։
***
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում