Սխալ հաշվա՞րկ, թե՞ խուսափում ժողովրդի ընդվզումից․ ի՞նչու է ուշանում միասնական տոմսային համակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Երևանում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2025 թվականի հունվար։ Քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ այն կներդրվի այս տարվա սեպտեմբերին, երբ Երևան կհասնեն 171 նոր ավտոբուսները։

Բայց պարզվում է՝ խնդիրներ են առաջացել այդ ավտոբուսների մատակարարաման ժամկետների հետ կապված։ Փոխքաղաքապետը միասնական տոմսային համակարգի շուրջ 6 ամիս հետաձգումն ու 171 ավտոբուսների շահագործման ժամկետի փոփոխությունը արտառոց չի համարում:

Գրիգորյանը շարունակում է վստահ լինել․ 171 ավտոբուսները նախատեսված ժամկետից շուտ են գալու, բայց ոչ սեպտեմբերի 1-ին։ Իսկ «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ մատակարարվող ավտոբուսների ուշացումը սպասելի էր։

Ըստ Աբգարյանի՝ 1-2 ուշացում կարող էր լինել, բայց եթե որոշել են, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը պետք է հետաձգվի մինչև հունվարի 1, ուրեմն կամ որոշել են իրենք իրենց ապահովել, որ նորից ստիպված չլինեն հետաձգել, կամ այլ պատճառներ կան։

Հարցին՝ հնարավո՞ր է այս կերպ քաղաքային իշխանությունները փորձում են ժամանակ շահել ու խուսափել տրանսպորտի թանկացման դեմ ժողովրդական ընդվզումից ու հետագայում վերանայեն ներկայացված գնային փաթեթները, Աբգարյանը հավանական չհամարեց։

Երևանի քաղաքապետարանը 171 ավտոբուսների ձեռքբերման համար Երևանի բյուջեից հատկացրել է 6 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Նախատեսվում էր, որ դրանք շահագործման կհանձնվեն սեպտեմբերի 1-ից, ինչին զուգահեռ էլ կներդրվի Երևանի տրանսպորտի միասնական տոմսային համակարգը։ Համակարգի ներդրման դեպքում տրանսպորտից օգտվելու տարեկան փաթեթը կարժենա 90 հազար դրամ, ամսականը՝ 9 000 դրամ, եռամսյակայինը՝  24 000 դրամ։ Սրանք անսահմանափակ փաթեթներն են։ 

Ընդդիմադիր խմբակցությունները նաև հայտարարել էին, որ օգոստոսին իրենք փողոցային պայքար կսկսեն և թույլ չեն տա, որ ծրագիրը կյանքի կոչվի։ Արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը կկարողանա այն ներդնել 2025 թվականի հունվարի 1-ից, ու ինչպես կազդի այն Երևանի քաղաքացիների վրա, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ, թեև Երևանում տրանսպորտը շարունակում է 100 դրամ արժենալ յուրաքանչյուրի համար, այնուամենայնիվ,ուշացումների ու գերբեռնվածության պատճառով ավտոբուսով երթևեկելը դեռևս շարունակում է իսկական փորձություն մնալ Երևանի քաղաքացիների համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով