Էլեկտրական հիպերմեքենաներ արտադրող խորվաթական Rimac ընկերությունը ներկայացրել է առանց ղեկի տաքսի, որը կրում է գրող Ժյուլ Վեռնի անունը,- գրում է Autopilot.ru-ն։
Ի տարբերություն այլ ինքնակառավարվող տաքսիների՝ էլեկտրական այս մեքենան նախագծված է զրոյից և կառուցված է նոր հարթակի վրա: Այն ունի նոր դիզայն՝ դռներ, երկտեղանոց դասավորություն, սրահում կա 43 դյույմանոց մեծ էկրան և բարձրախոս:
Ընկերությունից նշել են, որ տաքսին նախատեսված է միայն երկու ուղևորի համար, քանի որ 90% դեպքերում սովորական մարդատար տաքսին տեղափոխում է միայն մեկ կամ երկու ուղևորի: Ուղևորները բջջային հավելվածով կկարողանան ռոբոտաքսի կանչել, կարգավորել ջերմաստիճանը և նույնիսկ սրահում ընտրել իրենց նախընտրելի բույրը։
Մեքենայի տեխնիկական բնութագրերը դեռ չեն բացահայտվում: Բացակայում են մեքենայի կառավարման սարքերը և ապակեմաքրիչները, վարելու համար պատասխանատու են ներսում տեղադրված սենսորները:
2026 թվականին նախատեսվում է ռոբոտաքսի ծառայության գործարկումը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում։ Ավելի ուշ ինքնակառավարվող մեքենաներ կարող են հայտնվել նաև Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Մերձավոր Արևելքում։ Ընկերությունը նշել է, որ արդեն պայմանագրեր է կնքել ավելի քան 11 քաղաքների հետ։