ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը «Ապավեն» մաքսային պահեստում մասնակցել են ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների տեղադրման միջոցառմանը: Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության» (EXBS) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման և բացահայտման» (NSDD) ծրագրերի ֆինանսավորմամբ և աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների միջև 2024 թվականի հունիսի 11-ին կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը, որի նպատակն է խորացնել համագործակցությունը սահմանային անվտանգության և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը, Արտաքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինի գլխավորած պատվիրակության կազմում՝ ԱՄՆ պետքարտուղարության «Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության» (EXBS) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի «Միջուկային մաքսանենգության կանխարգելման և բացահայտման» (NSDD) ծրագրերի, «Rapiscan» ընկերության թիմը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է երկու երկրների միջև միջազգային` միջուկային և ռադիացիոն անվտանգության ամրապնդման ու սահմանների պաշտպանության ոլորտում համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախաձեռնության իրականացման գործում․
«Ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների ձեռքբերումը նշանակալի քայլ է՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու մեր ընդհանուր առաքելության մեջ: Նոր սարքավորումների ինտեգրումը մեր ենթակառուցվածքներին մեծապես կընդլայնի հանրային անվտանգությանը և միջազգային կայունությանը խոչընդոտող միջուկային ու ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հնարավորությունները՝ ամրապնդելով ազգային և գլոբալ անվտանգությունը»:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը նշել է․
«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը»։
Միջոցառմանը կարևորվել են շարունակական համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը, ինչն ընդգծում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ամուր բարեկամությունն ու գործընկերությունը։
Նոր ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների կիրառումը մաքսային ծառայությունում հնարավորություն կտա ավելի բարձրացնել մաքսային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը՝ նպաստելով սահմանների ու ազգային շահերի պաշտպանվածությանը մարտահրավերներից:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից էլ հայտնում են, որ դեսպան Քվինի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժապավեն կտրելու արարողություն՝ նշանավորելու Միացյալ Նահանգների կողմից ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումների տրամադրումը։
«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը», – ասել է դեսպան Քվինը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում