Հայաստանը հնարավորինս արագ պետք է թոթափի պատրանքները: Առաջին հերթին դա վերաբերում է տնտեսական կասկածելի աճին, որը նկատում ենք այսօր: Զարմանալի է, որ իր դիրքերը զիջած պետությունն այսքան կարճ ժամանակում կարողանում է ապահովել տնտեսության բարձր աճի տեմպեր: Պետք է հասկանալ՝ այս աճի դիմաց Հայաստանն ինչ զոհողությունների է գնացել: Արդյո՞ք դիտարկվում է տնտեսության աճ-սուվերենության մի փոքր կորուստ տարբերակը: Միգուցե մեր պետության պատմության այս բարդ ժամանակահատվածում ճիշտ է ընդունել տնտեսության զարգացումը և, որոշակի չափով, մոռացության մատնել սուվերենության հետ կապված հարցերը։ Իհարկե, աճ ունենալու քվոտան արտահայտվում է տարբեր ոլորտներում որոշակի մեղմացումների, ներդումների և այլ անուղղակի պայմանների ապահովմամբ։
Այս ամենով հանդերձ՝ փաստացի 2022թ․-ի առաջին և երկրորդ եռամսյակներում ունենք տնտեսական աճ․
Գծապատկեր 1․ ՀՆԱ-ի ծավալների փոփոխությունը 2022թ․-ի առաջին և երկրորդ եռամսյակներում 2021թ․-ի համապատասխան նույն եռամսյակների համեմատ
2022թ․-ի առաջին եռամսյակում տնտեսության աճը կազմել է 8,7%, իսկ երկրորդ եռամսյակում՝ 13%։ Ընդ որում՝ 2022թ․-ի առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է տնտեսության 36% անկում, իսկ 2022թ․-ի երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ մոտ 20% աճ։
Դիտարկենք տնտեսության ճյուղերի ներդրանքների չափերը 2022թ․-ի երկրորդ եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի աճում․
Գծապատկեր 2․ Տնտեսության ճյուղերի ներդրանքների չափերը 2022թ․-ի երկրորդ եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի աճում
Գծապատկեր 2-ից պարզ է դառնում, որ ամենամեծ ներդրանքն ունի առևտուր և ծառայություններ ոլորտը՝ 11,45 տոկոսային կետ։
-0,15 տոկոսային կետով բացասական ներդրանք է ունեցել գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն ոլորտը։