Ռուսական մարդասիրական առաքելությունը մոտ 7 տոննա ծավալով օգնություն է հասցրել ՀՀ Լոռու մարզ, որը տուժել է ջրհեղեղից:
Բեռը բաշխել են Ախթալա քաղաքում և Քարկոփ գյուղում, որոնք առավել շատ են տուժել հեղեղումներից։
Մարդասիրական օգնության մեջ եղել է Ախթալայի առողջության կենտրոնի համար նախատեսված էլեկտրական գեներատոր։ Նշվում է, որ Ախթալայի ԲԿ-ն սպասարկում է մոտակա 5 բնակավայրը՝ մինչև 60 կմ շառավղով:
Վատ եղանակի և այլ գործոնների պատճառով հաստատությունում հաճախակի են լինում էլեկտրաէներգիայի անջատումներ, ինչը խոչընդոտում է հաստատության կանոնավոր աշխատանքին և բժշկական դեղորայքի և պատվաստանյութերի պահպանմանը։
Օգնության մեջ եղել է նաև 500 մարդասիրական հավաքածու` սննդով և անձնական հիգիենայի պարագաներով (յուրաքանչյուր հավաքածու նախատեսված է 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար)։
Օգնության մի մասը տրվել է նախապես կազմակերպված կետերում, որտեղ հավաքվել են քաղաքացիները, իսկ մյուս մասը տուն է առաքվել տարեցների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: