Գործադիրն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:
Ամենամսյա 300 000 դրամ սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամության սահմանման պայմանները, ինչպես նաև սահմանել է դրույթ, համաձայն որի՝ հաշմանդամությունը անժամկետ սահմանելու համար հաշվի են առնվում նաև բժշկասոցիալական փորձաքննության իրականացման որոշումները, այդ թվում՝ հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը։
Միաժամանակ, առաջարկվում է օպտիմալացնել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների աշխատանքները և թեթև աստիճանի սահմանափակում ունեցող անձանց դեպքում ծառայությունների անհատական ծրագիրը մշակել անհրաժեշտության դեպքում, բացի դրանից՝ ֆունկցիոնալության գնահատման ժամանակ անհրաժեշտ է գնահատել նաև խաղերի մեջ ներգրավվելու կարողությունը, որի մասով ավելացվում է համապատասխան ծածկագիրը։
Կառավարությունը հաստատել է նաև Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը՝ պայմանավորված համապատասխան օրենքի ընդունմամբ:
Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ վերանայվել են ծառայողների և ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաև նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը՝ տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվել է 1 անգամ դիմելու հնարավորություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում