ՎԶԵԲ-ը 236 մլն եվրո վարկ կտա Սիսիան-Քաջարան ճանապարհը կառուցելու համար

2 Min Read

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին:

ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված:

Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:

ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո:

Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև 2024 թ. մայիսի 15-ին ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը՝ 236 մլն եվրո արժողությամբ:

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա` կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032 թ․ նոյեմբերը:

Կիսվեք այս հոդվածով