Ջրհեղեղից տուժած տնտեսվարողների համար վարկերի մարման ժամկետը կերկարաձգվի

1 Min Read

Կառավարության նիստում Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ի հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին որոշում կայացվեց։

Խոսքը այդ արտոնյալ ժամկետը մինչև մեկ տարի երկարաձգման մասին է:

Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ աղետի գոտիների սահմանված տարածքներում տնտեսավարողների կողմից (շուրջ 100) ձեռք բերված վարկային պորտֆելի մնացորդը գնահատվում է շուրջ 150 մլն դրամ։
Յուրաքանչյուր շահառուի մասով երկարաձգման ժամկետը պետք է գնահատի ֆինանսական կառույցը։ Ֆինանսական կառույցի կողմից աջակցությունը կտրամադրվի համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։

Ֆինանսական կառույցը յուրաքանչյուր շահառուի համար վարկի մարման, կամ արտոնյալ ժամկետի երկարաձգման գնահատված արդյունքների վերաբերյալ 10-օրյա ժամկետում տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությանը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին երկարաձգելուշահառուների վարկի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը,և արդյունքում՝ դժվարին իրավիճակում հայտնված շահառուները հնարավորություն կունենան շարունակել օգտվել աջակցությունից, ծավալել գործունեություն և մարել վարկային պարտավորությունները։

Կիսվեք այս հոդվածով