Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում էր արել:
Կառավարության նիստին վարչապետը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին խնդրեց արձագանքել ուսուցչի այս երեք դիտարկումներին:
Նա նշել էր, որ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները:
Առաջին հարցի առնչությամբ Անդրեասյանը նշելէ, որ պարտադիր պահանջ է այն, որ թեստերի բովանդակությունը պետք է համապատասխանի դասավանդվող նյութին, և խնդիրը երբեմն այն է, որ ուսուցիչը ծանոթ չի լինում առարկայի երկու դասագրքերի բովանդակությանը:
Սակայն կա բողոքարկման մեխանիզմ, և եթե ուսուցիչը համաձայն չէ թեստի նյութի հետ, կարող է բողոքարկել: Ըստ նախարարի՝ բողոքարկման պրակտիկա եղել է, և օբյեկտիվ բողոքարկումների արդյունքում գնահատման շեմը փոփոխվել է:
Ինչ վերաբերում է ժամանակին, ապա տրվում է 180 րոպե, բայց եթե ուսուցչին չի բավարարում դա, տեղում, ըստ նախարարի, տրվում է լրացուցիչ ժամանակ:
Թեմային առնչվող խնդիր է թղթային տարբերակով ատեստավորումը, քանի որ ժամանակ է պահանջվում պատասխանները ձևաթղթի վրա անցկացնելու համար: Այս տարի խնդիրը կլուծվի, ատեստավորումը կլինի էլեկտրոնային տարբերակով:
«Այս տարվանից կամավոր ատեստավորումն արդեն պլանավորում ենք իրականացնել էլեկտրոնային եղանակով, և սա նաև լրացուցիչ ժամանակ կտա մեր ուսուցիչներին»,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է ցածր և բարձր գործակցով վճարվող ուսուցիչների ատեստավորմանը, Անդրեասյանը նշեց, որ սա սկզբունքային հարց է, քանի որ կարևորը ոչ թե ուսուցիչն է, այլ երեխան:
«Կարծում եմ՝ մեր ուսուցիչները պետք է փոխեն իրենց դիտանկյունը, և հիշեն, որ խոսում են երեխայի կրթության մասին»,- նշել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում