Կոնյակի սպիրտի արտահանումը կստանա պետական աջակցություն

1 Min Read
Մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը Հայաստանի կառավարությունը կոնյակի սպիրտների արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն` յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամի չափով։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։
Նշվում է, որ դա հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու իրացման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2024 թ. խաղողի մթերումների գործընթացը։
Ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում ընդհանուր առմամբ կարտահանվի շուրջ 7 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում կունենանք շուրջ 80 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություն, որը կազմում է 2023 թ. մթերված խաղողի շուրջ 50 տոկոսը։
Աջակցությունը չի տրամադրվի ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար։
Նախագծով պետական բյուջեում նախատեսվել է շուրջ 700 մլն դրամ հատկացում, որը որոշակիորեն կփոխհատուցվի լրացուցիչ ծավալներով խաղողի մթերումների և դրանով թողարկված արտադրանքի իրացումից գոյացող շահութահարկի և այլ հարկային մուտքերի հաշվին, մասնավորապես՝ միայն շահութահարկի գծով լրացուցիչ մուտքերը կկազմեն շուրջ 290 մլն դրամ։
Կիսվեք այս հոդվածով