93 մանկապարտեզ գույքով կապահովվի․ Կառավարությունը ֆինանսավորում տրամադրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարությանը հատկացված պետական բյուջեի միջոցների հաշվին վերաբաշխման նախագիծը։

Ըստ նախագծի՝ 2 մլրդ 314 մլն դրամ կհատկացվի շինարարությունը ավարտված և ավարտվող 93 մանկապարտեզի գույքով ապահովման և Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման համար:

Աշխատանքներն իրականացվում են Կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում:

«500 մանկապարտեզների ծրագիրը ոչ միայն շինարարության մասին է, այլև այդ շենքերն ամբողջությամբ նոր գույքով հագեցնելու: Արդեն իսկ այս պահին 2023 թվականի ավարտի դրությամբ 144 նախադպրոցական հաստատություններում աշխատանքներն ավարտվել են: Պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ավարտված հաստատությունների թիվն ավելի մեծ է՝ 159 հաստատություն, և հիմա էլ արդեն ՏԿԵՆ գործընկերների հետ աշխատանքների արդյունքում առանձնացրել ենք այն մանկապարտեզների ցանկը, որտեղ շինարարությունն ավարտվում է, սակայն գույքով ապահովման խնդիր կա: Նման 93 մանկապարտեզ է առանձնացված»,- ասել է նախարարը:

Վարչապետը թվարկել է վերոնշյալ 93 մանկապարտեզները և հավելել.

«Այս բոլոր մանկապարտեզների 95 և ավելի տոկոսը կառուցվել է սուբվենցիոն ծրագրերով: Ուզում եմ հիշեցնել նաև, որ սուբվենցիոն ծրագրերում Կառավարության մասնաբաժինը մանկապարտեզների մասով առնվազն 70 տոկոս է, տեղ-տեղ նաև՝ մինչև 85 տոկոս»:

Վարչապետը նշել է, որ միակ խնդիրն այս գործում մնում է որակը, ապա տեղեկացրել է, որ այցելելու է այդ մանկապարտեզներ՝ հասկանալու, թե ինչ գույք է ձեռք բերվել:

«Սրանով ուզում ենք հնարավորություն ստեղծել, որ երիտասարդ մայրիկներն աշխատելու, տնտեսական և հանրային կյանքին մասնակցելու ավելի մեծ հնարավորություն ունենան, և այս առումով 500 մանկապարտեզի ծրագիրն էական է»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ խորհրդակցություններից մեկի շրջանակում արձանագրվել է, որ 500 մանկապարտեզների ծրագիրը պակաս խնդիրներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցների ծրագիրը:

Նախարարը նշել է նաև, որ 93 մանկապարտեզից 25-ը նորակառույց է, 14-ը վերակառուցված, 54-ը հիմնանորոգված։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կարևոր քաղաքականություն են վարում նախադպրոցական կրթության տարիքն ավելի իջեցնելու և մսուրային տարիքի երեխաներին ընդգրկելու մասով։

«Հիմա մի փորձնական ծրագիր ենք սկսել Երևանի, Գյումրու և Վանաձորի որոշ մանկապարտեզներ ընդգրկելով։ Սովորաբար, մեզ մոտ մսուր 2 տարեկանից են երեխաներին ընդունում, մենք փորձնական սկսել ենք մեկ տարեկանից սկսած երեխաների ընդունելություն իրականացնել։ Փորձնական արդյունքներով կփորձենք նաև այս ծառայությունները տարածել մեր մյուս մանկապարտեզներում՝ դրանով կրթությունը հասանելի դարձնելով ավելի փոքր տարիքի երեխաներին»,- ասել է նա:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով