Տեսահսկման սարքերով ձեռքբերված ինֆորմացիան չի փոխանցվի 3-րդ անձի. Մարանդյան

1 Min Read

Մեր խնդիրը եղել է որոշել տնտեսվարողի տեսակը և ոչ թե քանակը։ Որոշման հիմքում պոտենցիալ ռիսկերն են, օրինակ` արտարժույթի փոխանակման կետերը, արդյո՞ք այստեղ կան պոտենցիալ իրավախախտման ռիսկեր։

Այս մասին ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունների մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, ըստ որի տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը։

«Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում ՆԳՆ-ի կողմից կարող է իրականացվել իրավախախտումների կանխման, նախականխման և բացահայտման համար, քննությունից կամ պատիժը կրելուց խոսափող անձանց և հանցավոր ճանապարհով գույքի հայտնաբերման համար, անհետ կորած քաղաքացիների և հետապնդվող տրանսպորտային միջոցները գտնելու համար։ Ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովման համար »,- ասել է նա։ 

Ռուսլան Մարանդյանի խոսքով՝ այլ դեպքերում, այս եղանակով տվյալների ստացումը, համարվելու է իրավախախտում։

«Որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում։ Տվյալները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց»,- ընդգծել է վարչության պետը։

Կիսվեք այս հոդվածով