«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու նիստին դժգոհություն է հայտնել մայրաքաղաքում ջրամատակարարման, ջրի որակի խնդիրներից, ինչպես նաև էլեկտրաէներգիայի տատանումներից, որոնք հաճախ էլեկտրատեխնիկայի՝ շարքից դուրս գալու պատճառ են դառնում։
Ավագանու անդամն առաջարկել է քաղաքապետարան հրավիրել ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների՝ քննարկելու կուտակված խնդիրները:
«Այսպես, իրո՛ք, անհնար է դարձել: Երևանը ոչ թե մայրաքաղաքին հարիր ծառայություններ է ստանում, այլ ծայրագավառին»,- դժգոհել է Աբգարյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է, որ համաձայն է ավագանու անդամի հետ, առաջարկն էլ ընդունելի է:
«Ջրի որակի հետ կապված՝ բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռևս նախորդ տարվանից, մասնավորապես՝ Էրեբունի վարչական շրջանում։ Այս տարի, իհարկե, այս սեզոնին նախորդ տարվա համեմատությամբ որոշակիորեն բարելավվել է ջրի որակը, բայց, այնուամենայնիվ, մնում է շատ վատ որակ։ Իհարկե, կան բացատրություններ, հիմնավորումներ, թե ինչու է այդպես՝ ջրի քանակի և կորուստների հետ կապված երկու համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում, բայց, կարծում եմ, հավելյալ քննարկումն ավագանու մակարդակով վստահաբար չի խանգարի»,- ասել է Ավինյանը :
Նա առաջարկել է այս կազմակերպչական աշխատանքներ իրականացնել և կազմակերպել նմանատիպ մի հանդիպում՝ հրավիրելով նաև ՀԾԿՀ ներկայացուցիչներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում