Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Սան Լուիս Պոտոսը տնտեսապես զարգացած և Մեքսիկայի երեք կարևոր նահանգներից մեկն է:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը հյուրերին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում կատարվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանը միտված քայլերը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ բարեփոխումների հիմքում մեկ նպատակ է՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»` թվայնացված ու արդիականացված:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնան իր հերթին նշել է, որ առկա է մեծ հնարավորություն՝ արդյունավետ գործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այն ոլորտներին, որոնք կարող են հիմք դառնալ գործակցություն հաստատելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում