Դավիթ Բեկի փողոցի փլվածքը վերաբերում է թունելային կառուցվածքին: Խոսքն ընդհանուր մոտ 200 մետր թունելային ծածկ-ենթակառուցվածքի մասին է, որի միջով հոսում է գետը:
Փլված հատվածը 82 մետր է: Այդ թունելի երկարությունը, որը Դավիթ Բեկի փողոցն է հատում և ծառայում է որպես երթևեկ, ասֆալտբետոնյա ծածկի տակ է և պանելային-հենապատային կառուցվածք է: Այս մասին Երևանի ավագանու նիստին ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով Դավիթ Բեկի փողոցի 7/5 հասցեի մոտակայքում տեղի ունեցած փլուզմանը:
«Երկու պանել ծայրամասից պոկվել է: Տպավորություն է, թե փոս է: Փոս չէ. դա վթարավտանգ երևույթ է»,- ասել է նա:
Արեյանը տեղեկացրել է, որ դեպքից հետո քաղաքապետ Ավինյանի հանձնարարությամբ 3 մասնագիտացված կառույց է իջեցվել թունել, նրանք հանրապետության լավագույն մասնագետներն են, ավանդական կամրջաշինարարներ:
Երեքն էլ տվել են նույն եզրակացությունը, որ 82 մետր լայնքով այս թունելային հատվածը վթարավտանգ է, վնասված են բոլոր հեծան-պանելները, քայքայված է հենապատը:
«Զեկուցել են պարոն քաղաքապետին, որ, միանշանակ, այստեղ պետք է գնալ կապիտալ վերակառուցման, մասնակի նորոգումը չի արդարացնի իրեն»,- ասել է Արեյանը և նշել, որ ամենավթարայինն իջնող թևն է, որն այս պահին փակ է:
Նրա խոսքով՝ 82 պանել պետք է փոխվի և ամբողջ հենապատը, որը քայքայված է: Ըստ քաղաքապետի խորհրդականի՝ ֆինանսավորման խնդիրը լուծված է, հիմա կազմվում են նախագծային լուծումները՝ հենապատի ամրացում, հեծանների՝ նորով փոխարինում:
«Այն, ինչ արվել է ցեմենտ-ավազ-սվաղով, այլևս անթույլատրելի է: Եթե գնանք այդ ճանապարհով, մի քանի տարի հետո կունենանք նույն վթարը: Պարոն Ավինյանի կողմից խնդիր է դրվել՝ կապիտալ լուծել հարցը, որ տասնամյակներով այդ կառույցը մնա անվտանգ շահագործմամբ: Դրա համար փոխվում են նաև հենապատերը: Հիմա տեխնոլոգիան թույլ է տալիս… հավաքովի, նոր արտադրված բազմոցի նման հենապատերով, որը լուծում է նաև հատակի հարցը: Գլոբալ ամբողջ հունը պատվում է նոր հենապատերով և նոր պանելներով: Շտապելով նույնիսկ՝ մենք մասնագիտացված կառույցին պատվիրել ենք նաև արտադրությունը: Մեկ օրում ընդամենը 4 հատ կարող են արտադրել»,- ասել է նա:
Նա նշել է, որ մոտ օրերս կավարտվի փաստաթղթավորումը, ճանապարհը կփակվի բարձր արգելապատերով, և կսկվի առաջին փուլը, որը կտևի 40-50 օր:
Արեյանը նաև զեկուցել է, որ դեպքը առիթ է եղել, որպեսզի սեյսմիկ ուսումնասիրության ենթարկվեն Երևանի 42 կամուրջները, 26 վերգետնյա, 39 ստորգետնյա անցումները, ջրատար համակարգը: 2025 թվականին հնարավոր կլինի գումար հատկացնել նաև վերոնշյալ ուղղություններով աշխատանքների իրականացման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում