ՀՀ բոլոր բանկերը 2024թ․ մարտի վերջի դրությամբ շահույթով են աշխատել։ Այս մասին կարելի է փաստել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների հիման վրա արված վերլուծությունից։
Նկատենք, որ 2023թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ շահույթով աշխատող բանկերի թիվը կազմում էր 15։ 2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող բանկերի քանակը 18 է, իսկ գործող մասնաճյուղերի թիվը՝ 527։ Այս ցուցանիշները փաստում են, որ 2024թ․ առաջին եռամսյակի կտրվածքով բանկային համակարգում իրավիճակը կայուն է, և ֆինանսական համակարգն աշխատում է նորմալ՝ բավարարելով սպառողների տարատեսակ ֆինանսական պահանջմունքները։
Վերոնշյալ ցուցանիշներն առավել լայն համատեքստում հասկանալու նպատակով դիտարկենք ՀՀ առևտրային բանկերի հաշվեկշռային ցուցանիշնեի ծավալները․
2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ակտիվների ծավալները կազմել են ֏ 9,4 տրլն։ 2023թ․ դեկտեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 2,7%-ով։
ՀՀ առևտրային բանկերի պարտավորությունների ծավալները 2024թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է ֏ 7,96 տրլն։ Վերջինս 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 1,9%-ով։
2024թ․ մարտի վերջին 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ ընդհանուր կապիտալի ծավալներն աճել են 7,2%-ով՝ կազմելով ֏ 1,5 տրլն։ Նկատենք, որ ընդհանուր կապիտալի ծավալներում 54% մասնաբաժին ունեն կանոնադրական հիմնադրամի ծավալները, 27% մասնաբաժին՝ առևտրային բանկերի ընդհանուր չբաշխված շահույթի ծավալները։
- Ցուցանիշների հիման վրա կարելի է փաստել, որ բանկային համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումներից հետո կայունությունը ֆինանսական համակարգում դեռևս պահպանվում է։