Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը համատեղ սեփականության 1 բնակարան ունի Դավթաշենում։ Պատգամավորը 2004 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա է վարում, որը ձեռք է բերել 2018 թվականին։
Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում 2023 թվականի վերաբերյալ ներկայացրած նրա հայատրարագրից։
Նա 10 հազար դրամի բաժնեմաս ունի ընկերություններից մեկում, որի անունը չի նշվում։
Թունյանը տարվա ընթացքում 200 հազար դրամ ավանդ է ներդրել բանկերից մեկում։ Բացի այդ, տարեսկզբին նա իր բանկային հաշվին ունեցել է 779 հազար դրամ, տարեվերջին՝ շուրջ 570 հազար դրամ։ Որպես կանխիկ դրամական միջոց, Թունյանի տարեվերջի դրությամբ գրանցել է 1100 դոլար և 900 հազար դրամ։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը 2 վարկ ունի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 45.5 մլն դրամ։ Վարկերից մեկը նա ստացել է բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու համար։ Տարվա ընթացքում նա վարկերի մարմանն ուղղել է 5 մլն 200 հազար դրամ։
Թունյանի եկամտի միակ աղբյուրն Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, որը տարվա ընթացքում կազմել է շուրջ 10.5 մլն դրամ։ 2022 թվականին նրա ստացած եկամուտը ԱԺ-ից կազմել էր շուրջ 8.4 մլն դրամ։ Այսինքն՝ 2023-ին նրա 1 տարվա աշխատավարձն ավելացել է շուրջ 1.9 մլն դրամով։
Պատգամավորը 12 մլն դրամ է ծախսել բնակարանի վերանորոգման համար։
Թունյանի կինը՝ Քնարիկ Իսոյանը, աշխատում է Կադաստրի կոմիտեում, պաշտոնը նշված չէ։ Նա բանկային ավանդներ ունի շուրջ 2 մլն դրամ, 2500 դոլար և 2100 եվրոյի չափով։ Բացի այդ, 3000 դոլար, 1 մլն 500 հազար դրամ և 800 եվրո կանխիկ դրամ ունի, 1մլն 300 հազար դրամ էլ՝ բանկային հաշվին։
Տարվա ընթացքում նա 6.7 մլն դրամ եկամուտ է ստացել Կադաստրի կոմիտեից և 7 մլն դրամ Հայբիզնեսբանկից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում