Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ նոր պայմանագիր կկնքվի

2 Min Read

Երևանում փոսալցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ նոր պայմանագիր կկնքվի:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։

Նա նշել է, որ մայրաքաղաքի 4 վարչական շրջանում այդ խնդիրը կա և պետք է մեկ անձից գնումներ իրականացվեն, որպեսզի փոսալցումները շարունակեն։

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը զեկուցել է, որ նախկին տեխհսկողի հետ դեռ ֆինանսական հարցերը չեն լուծել։

Իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանն էլ նշել է, որ պետք է վերջնական վճարեն այն տեխհսկողին, որի  հետ լուծվել է պայմանագիրը և որին երկու անգամ պարտադրել են քնդել անորակ աշխատանքը։

Եվս երկու վարչական շրջանի ղեկավարներ հայտնել են որ իրենք էլ պետք է մեկ անձից գնման միջոցով նոր տեխհսկողի հետ պայմանագիր կնքեն, որպեսզի ավարտեն փոսալցման աշխատանքները։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին ասել է, որ տեխհսկողության հետ խնդիրն այն է, որ տեխհսկողը մեկ այլ ընկերության հետ էր փոխկապակցված, որը ընդգրկված է եղել սև ցուցակում.

«Ինքն ի սկզբանե մեզ մոլորության մեջ է գցել, էդքան իրենց դարդը մի լացեք, ամենայն հարգանքով։ Չգիտեմ ովքեր են, կարևոր էլ չէ, բայց մեր խնդիրը մեր աշխատանքները առաջ տանելն է»:

Նա հանձնարարել է ընթացիկ շաբաթվա ընթացքում արագ լուծել խնդիրները և հաջորդ շաբաթ շարունակել փոսալցումները:

«Էս շաբաթ ավարտեք. Մյուս շաբաթ, որ էս հարցը տրվի, ասեք՝ ֆսյո, ունենք տեխհսկող, աշխատում ենք, լա՞վ»,- ասել է քաղաքապետը:

Կիսվեք այս հոդվածով