Տավուշում և Սյունիքում բնակչության թվաքանակը նվազում է. Ի՞նչ են փաստում թվերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ներկայիս բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհի տարբեր անկյուններում յուրաքանչյուր օր ավելանում են սահմանափակումները մարդկանց և կապիտալի տեղաշարժի վրա, մարդիկ ստիպված են լինում որոշակի ժամանակով սառեցնել իրենց պլանները և մնալ այն վայրում, որտեղ արդեն գտնվում են։

Այս առումով մի շարք երկրներում դիտվում է բնակչության թվաքանակի աճ, քանի որ շատերը նույնիսկ վերադառնում են իրենց հայրենիք՝ խուսափելով աշխարհում դիտվող անկայունության աճից։

Այս առումով նկատվում է ՀՀ բնակչության թվաքանակի աճ։



Մասնավորապես, 2024թ․ ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը կազմել է 3,039,700 մարդ։ Վերջինս 2023թ․ ապրիլի 1-ի դրությամբ արձանագրված բնակչության թվաքանակի համեմատ աճել է 2%-ով։ Ընդ որում՝ ՀՀ քաղաքային բնակչության թվաքանակն աճել է 3%ով՝ 2024թ․ ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 1,958,700 մարդ, իսկ գյուղական բնակչության թվաքանակը նվազել է 0,03%-ով՝ 2024թ․ ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 1,081,000 մարդ։

Երևանում բնակչության թվաքանակն աճել է 2,4%-ով՝ 2024թ․ ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 1,127,000 մարդ։ Իրավիճակը մարզերում հետևյալն է․

Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները փաստում են, որ 2024թ․ ապրիլի 1-ին 2023թ․ ապրիլի 1-ի համեմատ բնակչության թվաքանակի աճ է դիտվել Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Շիրակի, վայոց Ձորի և Արարատի մարզերում։

Մասնավորապես, Կոտայքի մարզում բնակչության թվաքանակն աճել է 12,6%-ով՝ կազմելով 286,600 մարդ։ Բնակչության թվաքանակի անկում է դիտվել Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Այստեղ բնակչության թվաքանակի ամենամեծ անկումը նկատվել է Սյունիքի մարզում՝ 13,2%-ով՝ կազմելով 116,800 մարդ։

Հետաքրքիրն այն է, որ 2024թ․ ապրիլի 1-ին 2023թ․ ապրիլի 1-ի համեմատ քաղաքային բնակչության թվաքանակի անկում դիտվում է միայն Տավուշի և Սյունիքի մարզերում, իսկ գյուղական բնակչության թվաքանակի անկում է նկատվում Արարատի, Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։

Տավուշում և Սյունիքում բնակչության թվաքանակը նվազում է թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով