Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է «2023 թ.-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացնել 273,613.7 հազար դրամ գումար՝ ծրագրում ևս 500 շահառու ընդգրկելու հնարավորություն ստեղծելու նպատակով։ Ծրագիրն իրականացվում է 3 ուղղությամբ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։ Աջակցության 1-ին ուղղության դեպքում նախատեսվում է մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով հատկացվում է՝ ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ, կրթաթոշակ` ամսական 50000 դրամ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև առնվազն 3 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի պարագայում գործատուին տրամադրվում է աջակցություն՝ առավելագույնը ամսական 50000 դրամ, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։ Աջակցության 2-րդ ուղղության դեպքում նախատեսվում է գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքում և, մասնավորապես, առաջին 3 ամսվա ընթացքում աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակներում նախատեսվում է գործատուին 3 ամիս ժամկետով փոխհատուցման տրամադրում շահառուի աշխատավարձի վճարման համար` ամսական 165000 դրամ՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը: Աջակցության 3-րդ ուղղության դեպքում նախատեսվում է մինչև 6 ամիս տևողությամբ ուսուցման կազմակերպում, որի նպատակով նախատեսվում է, մասնավորապես՝ ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին ամսական կտրվածքով վճարել` ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամ, կրթաթոշակ` ամսական 50000 դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում