ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ ԵՏՄ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ով կպատկերացներ, որ Խորհրդային Միության փլուզումից ընդամենը 30 տարի հետո աշխարհը կկանգնի նոր սառը պատերազմի շեմին։ Սակայն, դրա մասին են վկայում Արևմուտքի և Ռուսաստանի հայտարարությունները, ինչպես նաև շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս պայմաններում Ռուսաստանը փորձում է ապացուցել աշխարհին, որ նախկին աշխարհակարգը սկսել է փլուզվել և մարդկությանը սպասում են նոր ժամանակներ։

Ինչպես նշվում է Արևելյան տնտեսական ֆորումում, աշխարհը դառնում է բազմաբևեռ իր հետ բերելով նոր մարտահրավերներ։ Ինչպես գիտեք տնտեսական ֆորումին հրավիրված է ՀՀ վարչապետը, որն իր ելույթում նշեց, որ Ռուսաստանը վերջին 30 տարիներին հանդիսացել և հանդիսանում է ՀՀ համար առաջին գործընկերը։ Այս առումով ցանկացած ցնցումներ, որոնք հարվածում են Ռուսաստանին անմիջապես զգացվում են մեր տնտեսությունում։ Հետևաբար, պատժամիջոցների այս ժամանակահատվածում մեզ համար շատ կարևոր են ՌԴ տնտեսության ապագային վերաբերող կանխատեսումները, որոնցից մեկը ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներն են, որոնք ներկայացված են ստորև․

Գծապատկեր 1. Ռուսական տնտեսության վերաբերյալ կանխատեսումները 2022թ-ի համար ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից

Համաձայն իրականացված կանխատեսումների՝ ռուսական տնտեսության անկումը 2022 թ.-ին կազմելու է 4,2 %: Կանխատեսվում է, որ տնտեսական աճ կդիտվի 2024 թ.-ին մոտավորապես 3,7 %-ին մոտ։ Կանխատեսվում է գնաճ 13,4 % մակարդակում։ 2022 թ.-ին դոլարի միջին կուրսը կկայունանա 68,1 ռուբլու սահմաններում։ Հիմնական կապիտալում ներդրումների ծավալի անկումը 2022 թ.-ին կազմելու է -10,8 %։ Ցավոք, իրական աշխատավարձի անկումը ևս պահպանվելու է և կազմելու է -2,9%։

Այսպիսով, կարելի է փաստել, որ ըստ այս կանխատեսումների ՌԴ տնտեսությունը ձեռք է բերել դիմադրողականություն արևմտյան պատժամիջոցների նկատմամբ։ Հայտնի չէ, թե այդ դիմադրողականությունը որքան ժամանակ կկարողանա պահպանվել, հետևաբար արդեն իսկ ներկա պահից սկսած պետք է հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գտնել ճանապարհներ էլ ավելի ամրապնդելու Ռուսական տնտեսությունը։

Կիսվեք այս հոդվածով