Գրիգոր Մինասյանի աշխատավարձը 1 տարում աճել է շուրջ 7 մլն դրամով․ նա 80 մլն դրամով բնակարանն է վերանորոգել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 Min Read

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եկամուտն անցած տարի կազմել է 280․1 մլն դրամ, որից 20․9 մլն դրամը աշխատավարձ է ստացել արդարադատության նախարարությունից։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված  2023 թվականի հայտարարագրից։

Նշենք, որ Արդարադատության նախարարությունից 2022 թվականին նրա ստացած եկամուտը կազմել է շուրջ 13,5 մլն դրամ։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ նրա աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է մոտ 7,4 մլն դրամով։

Բացի այդ՝ նա

  • 1869 եվրո այլ եկամուտ է ստացել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից
  • 478 հազար դրամ այլ եկամուտ` HSBC Բանկ Հայաստանից,
  • 19 800 եվրո գույքի վարձակալությունից վճար՝ Մարիա Չեռնիցկայայից,
  • 2․5մլն դրամ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ՝ ֆինանսների նախարարությունից,
  • 127․8 մլն դրամ գույքի վաճառքի գումար՝ Հովհաննես Դուրգարյանից,
  • 21․5 մլն դրամ տարածքի վարձակալության դիմաց վճար՝ «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից և 47․1 մլն դրամ շահաբաժին,
  • վարձակալության դիմաց վճար՝ 440 հազար դրամ «ՇԱԲԱԹ ԷՅ ԷՄ»-ից,
  • 324 հազար դրամ «ՓՐՈՖ ԹԱՔՍ» ընկերությունից,
  • 4․9 մլն դրամ` «ԳՐԻՆՎՈՒԴ» ընկերությունից։

Արդարադատության նախարարը նաև 45 մլն դրամ վարկ է ստացել Մելլաթ բանկից։

Մինասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է`

  • հողամաս և առանձնատուն Երևանում,
  • 2 բնակարան Երևանում,
  • 2 ավտոտնակ,
  • 1 հասարակական նշանակության շինություն,
  • բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք,
  • 1 ավտոկայանատեղի,
  • Բուլղարիայում բնակարան, որը նվեր է ստացել 2012 թվականին
  • Հունաստանում բնակարան՝ գնված 2020 թվականին։

Մելլաթ բանկից ստացած հիփոթեքային վարկով Գ․ Մինասյանը 2023-ին սկսել է առանձնատուն կառուցել։

1 ավտոտնակը և հասարակական նշանակության շինությունը, որի միայն 1/2 մասն էր պատկանում նախարարին, անցած տարի վաճառել է՝ 15․5 մլն և 240․2 մլն դրամով գործարարներ Արեն Դուրգարյանին և Հովհաննես Դուրգարյանին։

Մինասյանը 4 մլն դրամը գերազանցող 5 թանկարժեք գույք է հայտարարագրել՝

  • ձեռքի ժամացույցներ՝ 16 հազար և 22 հազար դոլար արժողությամբ,
  • արվեստի գործեր՝ 15 մլն դրամ, 15 հազար և 12 հազար դոլար արժողությամբ։

Այս ամենը նա նվեր է ստացել 2009 թվականին։

«Էյ Էմ» իրավաբանական ընկերությունում Գրիգոր Մինասյանը 60% բաժնեմասի սեփականատեր է, որը տարեվերջին արժեցել է 2 մլն 480,4 հազար դրամ:

Տարեվերջին նախարարի բանկային հաշիվներին եղել է 178․4 հազար եվրո, 480 հազար դոլար և 17․9 մլն դրամ։ Կանխիկ ունեցել է 15 մլն դրամ, 4000 եվրո և 20 հազար դոլար։

Մինասյանը հանգստի համար ծախսել է 2․3 մլն դրամ, 80 մլն դրամ էլ ծախսել է անշարժ գույքի վերանորոգման համար, ևս 2․5 մլն դրամ միանվագ ծախս է արել, որի նպատակը հայտարարագրում պաշտպանված է։

Մինասյանի կինը՝ Մարիա Ստեփանյանը, անշարժ գույք չունի, «Փրոֆ Թաքս» ՍՊԸ-ի 100 % սեփականատերն է։ Նա 90 օր և ավելի օգտագործում է իրեն չպատկանող CADILLAC մակնիշի ավտոմեքենա։

Նա «Էյ Էմ հարկեր և հաշվապահություն» ՍՊԸ-ում 8․6 մլն դրամի բաժնեմաս ունի։ Նրա բանկային հաշիվներին տարեվերջի դրությամբ եղել է 6700 դոլար, շուրջ 3 մլն դրամ և մոտ 180 հազար եվրո։

Իսկ կանխիկ ունեցել է 34․4 մլն դրամ և 40 հազար դոլար։

Արդարադատության նախարարի կնոջ եկամուտը 2023 թվականի ընթացքում կազմել է 48․4 մլն դրամ, որից

  • 1․2 մլն դրամն աշխատավարձ է «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից,
  • 44․7 մլն դրամ շահաբաժին և 2․5 մլն դրամ աշխատավարձ՝ «Փրոֆ Թաքս» ընկերությունից։

Մարիա Ստեփանյանը 76 հազար դրամ ավանդ ունի։ Տարվա ընթացքում  նա 15 մլն դրամ փոխառություն է վերցրել՝ անտոկոս։

Նա անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 30․6 մլն դրամ։ Նաև 2 մլն դրամը գերազանցող ծախսեր է արել՝ 12 մլն և 2․3 մլն դրամի չափով, որոնց բովանդակությունը, սակայն, չի նշվում։

TAGGED:
Share This Article