Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր:
Նախորդ երեկոյից մինչ առավոտ տանը մարդ չէր եղել, այդ ընթացքում էլ կոտրել էին եվրոպատուհանի ապակին և երկրորդ հարկի ննջարանից` ներքնակի տակից, տարել էին 55 հազար դոլար:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, կատարվեցին անհետաձգելի գործողություններ: Այս ամենին զուգահեռ, տեղազննության արդյունքներն ու հանցագործության հանգամանքները համադրելով, Նաիրիի քրեական հետախույզներն առաջ քաշեցին վարկածներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին: Ըստ վարկածի` կար և՛ կազմակերպիչ, և՛ կատարող, և՛ օժանդակող:
Ահազանգից մոտ չորս ժամ անց, ժամը 12.30-ին, Քասախ գյուղի իր տանը հայտնաբերվեց 37-ամյա օժանդակողը: Եվս երեք ժամ անց մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում, համագյուղացու տնից գողությունը կազմակերպելու կասկածանքով, ձերբակալվեց և ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխվեց Քասախի բնակիչ 38-ամյա տղամարդը: Նա էր ուղղորդել երևանցի 41-ամյա տղամարդուն, հաղորդել անհրաժեշտ տվյալներ և մայիսի 30-ի երեկոյան էլ իր մեքենայով նրան հասցրել համագյուղացու տան հետնամաս ու հեռացել:
41-ամյա երևանցին, զինված անհրաժեշտ գիտելիքներով ու տեխնիկական միջոցներով, մտել էր տուն և տարել գումարը: Այնուհետև երևանցին կապվել էր կազմակերպչի և օժանդակողի հետ: Հանդիպել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, որտեղ կատարողը 7600 դոլար տվել էր կազմակերպչին, 7500 դոլար` օժանդակողին: Ի դեպ, վերջինս իր վարձատրությունն ամբողջությամբ ի պահ էր հանձնել մի երրորդ անձի:
Կազմակերպիչն ու օժանդակողը ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Օժանդակողի վստավելի անձի խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը` 7500 դոլարը, իսկ կազմակերպիչն իր զոքանչի տնից ներկայացրել է 4400 դոլար գողոն:
Դատարանի որոշմամբ կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են: Ձեռնարկվում են միջոցներ` երևանցի կատարողին և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում