Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ունեցած միակ անշարժ գույքը՝ Երևանի Կենտրոնում գտնվող ավտոտնակը, անցած տարի վաճառել է «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ին, որը համայնքային կառույց է։
Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է 2023 թվականի նրա հայտարարագրից։
Նա ավտոտնակը վաճառել է 14 մլն դրամով։
Ավինյանը 2023 թ. ընթացքում ընդհանուր առմամբ 45․4 մլն դրամ եկամուտ է ունեցել․ 20 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից աշխատավարձն է, 14 մլն դրամը` ավտոտնակի վաճառքից և 11․3 մլն դրամը նա ստացել է Poolin կրիպտոմայնինգի հարթակից։
Ավինյանը տարեվերջին ունեցել է 3.62 Bitcoin։ Նշենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե շուրջ 65 հազար ԱՄՆ դոլար։ Բացի այդ ունեցել է ADA Cardano` 1.483 և Ethereum` 5։
Տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 16․6 մլն դրամ, 17․8 մլն դրամ էլ կանխիկ է հայտարարագրել։
Երևանի քաղաքապետն 90 օրից ավելի բնակվել է իրեն չպատկանող առանձնատանը Երևանի Կենտրոնում։ 2022 թ.-ին հորից նվեր է ստացել 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա։
Ավինյանը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։
Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, «Լավ Փրոդաքթս» ընկերության 34 %-ի և «Բարուր Թոյզ» ՍՊԸ-ի 50%-ի բաժնետեր է և տնօրեն։
Մարիամ Պահլավունին ունի RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա: Նա «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ին (անվանափոխվելուց հետո՝ «Բարուր Թոյզ») 2.8 մլն դրամ փոխառություն է տվել։ Նույն ընկերությունից նա 865 հազար դրամ աշխատավարձ է ստացել տարվա ընթացքում։
Մարիամ Պահլավունին ունի բանկային 3 ավանդ՝ 44․5 մլն դրամի։ Կանխիկ հայտարարագրել է 1․3 մլն դրամ։
Նշենք նաև, որ Ավինյանի հայրն ու մայրը որպես փոխառություն 42 մլն դրամ և 4․5 մլն դրամ են տվել Ավինյանի կնոջը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում