Հունիսի 11-13-ը Երևանում տեղի ունեցավ ԵՖԲՄ 11-րդ ամենամյա OnSite ուսուցման ծրագիրը (FEAS OnSite Training), որի պաշտոնական հյուրընկալը այս տարի AMX-ն էր՝ ի դեմս Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի։ Ծրագիրը նախատեսված է ԵՖԲՄ անդամ բորսաների և դեպոզիտարիաների ներկայացուցիչների համար։ Նպատակն է` նպաստել նոր համագործակցությունների ստեղծմանը, փորձի փոխանակմանը և նոր գիտելիքների ձեռքբերմանը։
Նման ուսուցման ծրագրերը ԵՖԲՄ-ն իրականացնում է ամենամյա ֆորմատով, իսկ հյուրընկալ ընտրվում է ֆեդերացիայի անդամ որևէ ընկերություն։ Նախորդ տարիներին որպես հյուրընկալներ եղել են Աթենքի ֆոնդային բորսան (ATHEX), Ղազախստանի ֆոնդային բորսան (KASE), Իրան ֆոնդային բորսան, Եգիպտոսի բորսան և այլն։
Այս տարի ԵՖԲՄ-ի տարեկան գլխավոր ժողովի ընթացքում AMX–ը ստանձնեց հյուրընկալողի դերը։ Ուսուցման 3 օրերի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի առաջատար մասնագետները կիսվեցին իրենց տարիների փորձով, նորարարական ծրագրերով և ապագա նախագծերով։ Մասնակիցներից յուրաքանչյուրը նաև հնարավորություն ունեցավ ներկայացնելու իրենց երկրների փորձը, համեմատելու գործընթացները հայաստանյան փորձի հետ։
Ծրագրին մասնակցել են 17 պատվիրակներ ԵՖԲՄ անդամ 11 ընկերություններից՝ Իրանի, Մակեդոնայի, Օմանի, Ղազախստանի, Հունաստանի, Հորդանանի և Ուզբեկստանի բորսաներից և դեպոզիտարիաներից։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի կարծիքով՝ սա հիանալի հնարավորություն է տարբեր բորսաներից մասնագետների միմյանց շուրջ հավաքելու և միմյանց աշխատանքին ավելի խորքային ծանոթանալու համար։
«Մասնագետների մշտապես միմյանց հետ շփվելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը կարևոր եմ համարում, և մշտապես աջակցում ենք թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում մեր մասնագետների վերապատրաստումներին»․- ասել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը։
ԵՖԲՄ-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը կարևորել է ԵՖԲՄ Onsite ուսուցման ծրագիրը` որպես ԵՖԲՄ անդամ ընկերությունների փորձագետների միջև համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը խթանելու հարթակ:
«Այս միջոցառումը նշանակալի հարթակ է տարբեր երկրների փորձագետների միջև գիտելիքների փոխանակման համար»,- նշել է Սարոյանը։
«Մասնակիցները մեծապես շահում են ճանապարհորդելով և տեղում ձեռք բերելով իրենց միջազգային գործընկերների գիտելիքներն ու փորձը: Ես շնորհակալ եմ Հայաստանի ֆոնդային բորսային և կենտրոնական դեպոզիտարիային ԵՖԲՄ 11-րդ Onsite ուսուցման ծրագիրը Երևանում հյուրընկալելու համար: Ես բարձր եմ գնահատում եռօրյա այս ընդգրկուն ծրագիրը և մշակութային միջոցառումների կազմակերպումը, որոնք հարստացնում են ընդհանուր փորձը»։
Հայաստանի, և մասնավորապես AMX խմբի համար, սա հիանալի հնարավորություն էր իր փորձով կիսվելու, իրականացված ծրագրերի մասին կարծիքներ լսելու, ֆինանսական շուկայում նոր համախոհներ գտնելու և համագործակցություններ հաստատելու համար:
Լիահույս ենք, որ նման ծրագրերը շարունակական կլինեն և կդառնան նախադեպ նաև այլ ընկերությունների համար՝ կազմակերպելու նման կրթական ծրագրեր և ներգրավելու մասնագետներ միջազգային ընկերություններից։
***
AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի,
քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական
վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը
Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական
ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման
համար։