Ալեն Սիմոնյանի աշխատավարձն անցած տարի ավելացել է 3,5 մլն դրամով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 Min Read

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատավարձը տարվա կտրվածքով ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է նրա`2023 թվականի հայտարարագրից։

Տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 17 մլն 944 հազար դրամ, իսկ նախորդ տարվա ընթացքում նա ստացել էր  14 մլն 406 հազար դրամ։

ԱԺ նախագահը Վոլոդյա Հովհաննիսյանից ստացել է 240 հազար դրամ, Գեղամ Սիմոնյանից` 814 հազար դրամ և լրագրող Անի Գևորգյանից` 240 հազար դրամ։

Նշենք, որ այս գումարները ստացվել են դատարանի կողմից կայացված որոշումների արդյունքում Ալենի Սիմոնյանին վիրավորելու և զրպարտելու համար։ Անի Գևորգյանը լրագրող է, Գեղամ Սիմոնյանը, ըստ դատական դեպարտամենտի ներկայացրած տեղեկատվության, operative.am կայքի ներկայացուցիչը, իսկ Վոլոդյա Հովհաննիսյանը պահեստազորի սպա, որին Ալեն Սիմոնյանը դատի էր տվել «Հայելի» ակումբի յութուբյան ալիքով արված հայտարարությունների համար։

Բացի այդ՝ Ալեն Սիմոնյանը ֆինանսների նախարարությունից ստացել է շուրջ 3 մլն 300 հազար դրամ և Հայէկոնոմբանկից վարկ՝ շուրջ 353 դոլար։

Ալեն Սիմոնյանը տարեվերջին 3 վարկ է ունեցել, որի մայր գումարի մնացորդների գումարը շուրջ 63 մլն 693 հազար դրամ է կազմել։ Վարկերից 2-ը բնակարան գնելու համար է վերցրել։ ԱԺ նախագահը տարվա ընթացքում շուրջ 9 մլն դրամ է ուղղել վարկերի մարումներին։

Ալեն Սիմոնյանը բազմաբնակարան շենքում միանձնյա սեփականության 1 բնակարան ունի Երևանի Կենտրոնում, այն գնել է 2019 թվականին։

Բացի այդ, Երևանի Կենտրոնում տիրապետում է առանձնատան, որից նա օգտվում է 90 և ավելի օր։ Խոսքը Կառավարական առանձնատան մասին է, որը պատկանում է պետությանը։

Ալեն Սիմոնյանը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին 53,8 մլն դրամ փոխառություն է տրամադրել։ Բանկային հաշվին ունի մոտ 1 մլն 700 հազար դրամ։ Տարեվերջին ունեցել է կանխիկ 24 մլն 800 հազար դրամ։

Նրա կինը՝ Մարիամ Մարգարյանը, Freenews հեռուստաընկերության տնօրենն է և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի տնօրենը։ Տեղեկությունը ներկայացված է Ալեն Սիմոնյանի հայտարարագրի շահերի վերաբերյալ հատվածում։

Կինը ևս տուն ունի Երևանի կենտրոնում` միանձնյա սեփականության իրավունքով. բնակարանը գնել է 2014 թվականին։

Մարիամ Մարգարյանը 2021 թվականին նույն տարվա արտադրության  LAND ROVER մեքենա է գնել։

Նա 50 հազար դրամի արժեթղթեր ունի, որը գնել է 2019 թվականին։ Նշենք նաև, որ նա ևս «Ջերմուկ Գրուպ»-ին 53 մլն 920 հազար դրամ փոխառություն է տվել։

Տարեվերջին Մարիամ Մարգարյանը շուրջ 11 հազար դրամ գումար է ունեցել բանկային հաշվին, 3 մլն 300 հազար դրամ և 1500 դոլար էլ կանխիկ գումար։

Նա տարվա ընթացքում Freenews հեռուստաընկերությունից ստացել է 8 մլն 192 հազար դրամ աշխատավարձ, 600 հազար դրամ էլ`«ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես տնօրեն։

Բացի այդ, ԱԺ նախագահի կինը ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից 10 մլն 800 հազար դրամ փոխառություն է վերցրել, 447 հազար դրամ վարկ էլ վերցրել է Ամերիաբանկից։

Տարեվերջի դրությամբ Մարիամ Մարգարյանը 3 վարկ է ունեցել՝ ընդհանուր 42,9 մլն դրամի չափով։ Վարկերից մեկը վերցվել է բնակարան գնելու համար։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով