Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում անդրադարձել է մայրաքաղաքում տեղի ունեցող պատահարներին՝ կարևորելով վթարների դեպքում մեքենաները երթևեկելի մասից հեռացնելը։
Նրա խոսքով՝ երբ ավտոմեքենաները բախվում են, նույնիսկ, եթե դա ծանր բախում չէ, մի ահռելի խնդիր է առաջանում:
«Միլիոնավոր դրամների վնաս է լինում դրա պատճառով: Վթարված ավտոմեքենաները պետք է հեռացվեն, այս մասով բանակցում ենք պարեկային ոստիկանության մեր գործընկերների հետ, մեխանիզմներն էլ պետք է քննարկել, 15 րոպեից ավելի չպետք է այնտեղ մնան մեքենաները: Կարծում եմ հասկանալի է ապահովագրական ընկերությունների խնդիրները, բայց ինձ թվում է մենք միակ երկիրն ենք, որ նման շռայլություն է թույլ տալիս, երբ պետք է բոլորս սպասենք, որ պարզվի օրինակ մինչև 233 հազար դրամի վնաս է պատճառվել»,- ասել է նա:
Ավինյանը նշել է, որ խոսքը այն պատահարների մասին է, որոնք չեն ենթադրում զոհեր ու լուրջ կորուստներ: Նրա խոսքով՝ մեկ անգամ փոփոխություն ՏԻՄ օրենքում եղել է, բայց խնդիրը չի լուծվել։