Կառավարության վերջին նիստում հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:
Ղարագյոզյանը նշել է, որ հունիսի 15-ից գործարկվել է դիմումների ընդունման առցանց հարթակը, բոլոր պոտենցիալ շահառուները, որոնք բավարարում են առաջին փուլով նախատեսված պայմաններին եւ ցանկանում են դիմել ծրագրի առաջին բաղադրիչին, որն է կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքին կամ անհատական բնակելի տան ձեռքբերումը, եւ այս բաղադրիչից օգտվողները արդեն կարող են լրացնել առցանց դիմումները:
«Առաջին փուլով ներկայացվում են բացառապես ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, իրականացվում է նույնականացում: Ընտանիքի կազմը որոշում են հենց ընտանիքի անդամները: Այսինքն ամուսիններ, նրանց երեխաներ եւ ցանկացած այլ անդամ՝ կլինեն ծնողները, քույր-եղբայրները, ում ընտանիք կցանկանա ներառել իր ընտանիքի կազմում: Հենց այդ կազմով էլ կգեներացվի հավաստագիրը: Ըստ ընտանիքի անդամների հաշվով էլ կսահմանվի աջակցության չափը»,- ընդգծել է Ղարագյոզյանը:
Գայանե Ղարագյոզյանը մանրամասնեց, որ ծրագիրն իրականացվում է 3 բաղադրիչով: Եթե ընտանիքը չունի հող, որի վրա կիրականացնի կառուցապատումը, ապա ծրագրի շրջանակներում հնարավոր է աջակցության չափից առավելագույնը 3 մլն դրամ ուղղել այդ հողամասի ձեռքբերմանը: Հողի մակերեսը չպետք է պակաս լինի 400 քմ-ից:
Այն ընտանիքները, որոնք այս տարվա մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեքային վարկ, նրանց դեպքում աջակցությունը կարող է ուղղվել վարկի մարմանը: Այս դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցությունը կազմում է 2 մլն դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում