Երևանի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ինչպես նաև կրողունակությունը հաշվարկված չէ. Արեյան

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը խնդրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հանձնարարական տալ, որպեսզի կազմվի տեխնիկական առաջադրանք Երևան քաղաքի բոլոր կամրջային կառուցվածքների, տրանսպորտային հանգույցների, թունելային կառույցների, ինչպես նաև ջրատար համակարգի թունելների, կամուրջների սեյսմիկ վիճակի ուսումնասիրության համար:

Նրա խոսքով՝ ինչքան էլ տարօրինակ թվա, Երևան քաղաքի ոչ մի կամուրջ չունի անձնագիր, ինչպես նաև կրողունակությունը հաշվարկված չէ:

«Նախագծային տվյալներում դրանք առկա են, բայց քանի որ փոխվել է քաղաքի երթևեկի ինտենսիվությունը, պետք է ուսումնասիրենք սեյսմիկ վիճակը, և հաշվի առնենք նախագծային կրողունակությունը՝ արդյոք ինչքա՞ն կդիմանա այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը»,- ասել է Արեյանը:

Ըստ Երևանի քաղաքապետի խորհրդականի՝ հանձնարարականը կատարելու դեպքում 2025 թվականին կունենանք կամրջային հիմնական հանգույցների անձնագրերը, որտեղ ներառված կլինեն բոլոր տվյալները:

Կիսվեք այս հոդվածով