Փաշինյանը Սյունիքի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

4 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ծանոթացել է նաև Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 170 սանի համար նախատեսված, կահավորված մանկապարտեզ: Պայմանագրի արժեքը 295 մլն դրամ է, որից պետական մասնաբաժինը 80 տոկոս է` 236 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչև Ողջի և Վաչագան գետերի խառնման հատվածում Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է ս.թ. հուլիսին 25-ին: Սուբվենցիոն ծրագրով մաքրվել և կահավորվել է 500 գծմ գետի հուն, պայմանագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:

 

Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս- Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան մուտք գործող հատվածի աշխատանքների ընթացքին: Ճանապարհի երկարությունը 4 կմ է, արժեքը 1.404 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Կապան-Ճակատեն նոր ճանապարհի իրականացված աշխատանքներին: Ճանապարհի երկարությունը 7.5 կմ է, արժեքը 1.454.5 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր, հանդիպել տեղի բնակիչներին, ծանոթացել նրանց խնդիրներին: Մասնավորապես, դրանք վերաբերել են գյուղատնտեսական կոոպերատիվի ձևավորմանը, խմելու ջրագծի կառուցման, տանիքների վերանորոգման, բնակարանաշինության և այլ թեմաների: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և, ըստ կարևորության և հերթականության, դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանում կառավարության ղեկավարը ծանոթացել է Կապան-Ծավ-Մեղրի 17.2 կմ երկարությամբ հատվածում իրականացված նորոգման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 1.046 մլրդ դրամ է, միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը: Դրանք մեկնարկել են 2024թ. մայիսին, ավարտը նախատեսված է 2026թ. վերջին: Ծրագրի արժեքը 214.4 մլն. դոլար է, իսկ շինաշխատանքներն իրականացնում են իրանական երկու ընկերություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ծրագրի ռազմավարական բնույթը տարածաշրջանի համար և կարևորել շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը:

Քաջարանում կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակում 240 մլն դրամ ընդհանուր արժեքով վերակառուցվել են պուրակներ, մարզահրապարակ և խաղահրապարակ: Կառավարության մասնաբաժինը 50 տոկոս է՝ 120 մլն դրամ։ Քաջարանի Տերյան փողոցի մարզահրապարակի արժեքը 45.3 մլն դրամ է: Վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի ֆուտբոլային մարզադաշտ, որը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Վերջերս կառավարությունը Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր ընդունել։ Վարչապետն ընդգծել է ընդունված որոշման կարևորությունը, ինչը կնպաստի Կապանում ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև Մ-2 Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները: Ճանապարհի երկարությունը 11.04 կմ է, ծրագրի արժեքը` 3.018 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը: Կառավարության ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 13 առանձնատուն, թվով 13 ընտանիք, այդ թվում՝ 12 բնակելի տուն կորցրած ընտանիք կստանան բնակելի տուն և անասնագոմ: Ծրագրի արժեքը 1.21 մլրդ դրամ է:

Կիսվեք այս հոդվածով