ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը) 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին և դրա շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին և երթերին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն (Գերասիմ Վարդանյան – խմբ.) նյութապես շահագրգռել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց:
Մասնավորապես, մայիսի 9-ից Երևանում շարունակվող հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։ Վերջինս Վ.Դ.-ին հանձնարարել է 15.000 ՀՀ դրամ տալ ոմն Սուրիկին, նույնչափ գումար պահել իր մոտ: Բացի այդ, պարզվել է, որ Գ.Վ.-ն, Վ.Դ.-ի օժանդակությամբ, 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։ Վ.Դ.-ն, առերևույթ հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է։
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Վ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Վ.Դ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վ.Դ.-ին ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանությանը։
Նախաքննություն է իրականացվում՝ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, նշված հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: