Փոփոխվել է թատրոնների ֆինանսավորման մոդելը

1 Min Read

Փոփոխվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման մոդելը: Նոր մոդելով կազմակերպությունը պետք է ֆինանսավորվի այն գումարի կրկնակիի չափով, որքան որ ինքը նախորդ տարվա ընթացքում աշխատել է:

Որոշում է կայացվել է կառավարության նիստում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում, ըստ որի ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակիի չափով։

Պարզվել է, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնը փաստացի գերազանցել է իր պլանավորած տարեկան եկամուտի չափը, մինչդեռ պետության կողմից հատկացվող ֆինանսավորման գումարի չափը համապատասխանում է կազմակերպության կանխատեսվող գումարի չափին։

Հետևաբար, պետության պարտավորությունը՝ կրկնապատկելու ֆինանսավորումը, դառնում է ոչ լիարժեք, քանի որ տվյալ կազմակերպությանը փաստացի հատկացվում է ավելի պակաս գումար, քան վերջինս ձևավորել է տարվա ընթացքում:

2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։

Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2025 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» և «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թվականին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները:

Կիսվեք այս հոդվածով