Կառավարության նիստում որոշվեց «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում գույք ներդնել և կանոնադրական կապիտալն ավելացնել:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ վարկային համաձայնագրով իրականացվել են Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կառուցման շինարարական աշխատանքները։
Համաձայնագրով նախատեսված էր նաև Բժշկական կենտրոնը հագեցնել ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով։
2023 թվականի վերջին Բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են (նոր մոդուլային շինություն՝ շուրջ 4800 քմ մակերես տարածքով և շուրջ 900 քմ նկուղային տարածքի կառուցապատմամբ)։
Համապատասխանաբար Բժշկական կենտրոնը հագեցված է նաև գործունեության համար անհրաժեշտ գույքով։
Բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 2.58 մլրդ դրամ, իսկ բժշկական սարքերով, կահույքով և պարագաներով հագեցման արժեքը կազմել է շուրջ 462.6 մլն դրամ։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Բժշկական կենտրոնի համար ձեռքբերված գույքի նկատմամբ համապատասխան իրավունքի սահմանման, ինչպես նաև Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման համար ներդրված գումարների իրավական կարգավորման անհրաժեշտությամբ։
Նախատեսվում է վարկային համաձայնագրի շրջանակներում Բժշկական կենտրոնի համար ձեռքբերված գույքի, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների արժեքի չափով ավելացնել Բժշկական կենտրոնի կանոնադրական կապիտալի չափը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում