Աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ներքաղաքական լարվածությունը որևէ կերպ չեն ազդում ՀՀ քաղաքացիների վարքագծի վրա։ Վերջիններս շարունակում են վարկեր վերցնել և կուտակել նոր պարտքեր։ Այս հարցում իրենց տարբերակներն են առաջարկում բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները։
Անդրարդառնանք գրավատների գործունեությանը, քանի որ դրանք միշտ էլ իրենց ուրույն դերակատարումն են ունեցել հայաստանցիների ֆինանսական վարքագծում։
Գրավատների գործունեության 2023թ․ արդյունքներն արդեն հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ վերջին երեք տարիներին դիտվում է գրավատների թվաքանակի շարունակական նվազում։ Այսպես, դեռևս 2021թ․ ՀՀ-ում գործում էր 81 գրավատուն, իսկ արդեն 2023թ․ դրանց թիվը դարձել է 66 միավոր։
Գրավատների ակտիվների ծավալները 2023թ․ 2021թ․ համեմատ աճել են 7%-ով՝ կազմելով ֏ 9,2 մլրդ։ Գրավատների պարտավորությունների ծավալները 2023թ․ 2021թ․ համեմատ աճել են 8%-ով՝ կազմելով ֏ 6,4 մլրդ։ Պետք է նշել, որ ակտիվների ծավալների զգալի մասը կազմում են տրամադրված վարկերի ծավալները, որոնք 2023թ․ կազմել են ֏ 6,7 մլրդ։ 2021թ․ տրամադրված վարկերի ընդհանուր ծավալների համեմատ ցուցանիշն աճել է ընդամենը 0,2%-ով։
Գրավատների պարտավորությունների ծավալների զգալի մասը պատկանում է ներգրավված դրամական միջոցների ընդհանուր ծավալներին, որոնք 2023թ․ 2021թ․համեմատ աճել են 7,7%-ով՝ կազմելով ֏ 6,4 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում