Հավաքական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերը և ապահովել անվտանգություն. Սամվել Կարապետյանը երկխոսության կոչ է անում

1 Min Read

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների ֆոնին հայտարարություն է տարածել` կողմերին հորդորելով զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են մարդկային կյանքեր արժենալ։

«Հաշվի առնելով այս օրերին Երևանում տիրող իրավիճակը` կոչ եմ անում համապատասխան կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի: Երկրում ստեղծված ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է պատասխանատվություն դրսևորել, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»,– ընդգծել է նա:

Գործարարը հավատում է, որ հավաքական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերը և ապահովել անվտանգություն, կայունություն երկրի բոլոր քաղաքացիների համար:

Ինչպես նշել է գործարարը, այսօր հաճախ ենք լսում «հայեր» և «արցախցիներ» հակադրությունը։ Հայ ժողովուրդը մեկ ամբողջություն է, ու բոլորն են անհանգստանում ընդհանուր հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Ըստ գործարարի այսօրվա իրավիճակում վտանգավոր է ցանկացած բաժանում:

Սամվել Կարապետյանն ընդգծել է եկեղեցու՝ որպես ազգային արժեհամակարգի կարեւորագույն ինստիտուտներից մեկի կարեւոր դերը։ «Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին, եւ այսօր, առավել քան երբեւէ, պետք է համախմբվել հոգեւոր արժեքների շուրջ եւ կանխել առճակատումն ու  ժողովրդի՝ եկեղեցուց տարանջատումը»։

Share This Article