Գյումրիում  50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք  հանձնվել  է շահագործման

1 Min Read
Գյումրիում շահագործման է հանձնվել 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
«Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ. 1) այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու նորակառույց բնակելի շենքերի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Սփյուռքից ժամանած հյուրեր, պաշտոնատար անձինք:
50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ: Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովումն իրականացվել է ԱԿԲԱ բանկի Վիզա-Բարերար քարտապանների ֆինանսավորմամբ:
«Հայաստան» համահայկական hիմնադրամը դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցել է 50 շենք՝ բնակարանով ապահովելով ավելի քան 500 ընտանիքի: 2015 թվականից սկսած հիմնադրամը բնակարաններ է գնել ու նվիրաբերել տնակներում բնակվող 45 ընտանիքի: 2019 թվականին մեկնարկել է «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակներում 2022 թվականին շահագործման է հանձնվել 2 շենք՝ ընդհանուր 36 բնակարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով և 2 արվեստանոցով»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
Կիսվեք այս հոդվածով